Գազայի հատվածում հոսանքի հարցը լուծում են արևային վահանակներով
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱշխարհում կան երկրներ, որտեղ շուրջօրյա էլեկտրականությունը մեծ շքեղություն է համարվում։ Գազայի հատվածը, որը տասնամյակներ շարունակ Իսրայելի և Արաբական աշխարհի պատերազմի թատերաբեմ է եղել, այժմ այնտեղի հանրությունը օրական ստանում է ընդամենը 12 ժամ էլեկտրականություն և հատկապես ձեռնարկություններն ու հանրային սննդի օբյեկտները լրջագույն խնդիրներ են ունենում։
Վերջին երկու տարիների ընթացքում Գազայի հատվածում ռեստորանների սեփականատերերը իրենց կարիքները լուծելու նոր եղանակ են գտել։ Նրանք ձեռնարկությունների տանիքներին արևային վահանակներ են դնում։
Հայտնի ռեստորաններից մեկի սեփականատերը՝ Յասեր Ալ-Հաջը, որը նաև հայտնի ձկնորս է, որոշել և իրականացրել է. իր ամբողջ ռեստորանը միացված է այժմ միայն իր սեփական արևային վահանակներին, նաև որոշակի քանակության էլեկտրականություն է վաճառում պետությանը։
«Մենք մեր հույսը դնում ենք միայն արևային էներգիայի վրա, որպեսզի ապահովենք ոչ միայն ռեստորանը, այլ նաև ձկներին թթվածնով և ծովային արգելապատնեշի էլեկտրականությամբ, որպեսզի ձկները չհեռանան մեր բուծարաններից»,- նշում է ռեստորանատերը։
Նախկինում նրա խոսքով՝ իրենք ամսական ահռելի գումար էին վճարում՝ 150 հազար շեքել, ինչը հավասար է 44 հազար եվրոյի՝ հաշվի առնելով իր ռեստորանի և ձկնաբուծարանի հսկա տարածքը, իսկ այժմ արևային վահանակների տեղադրումից հետո, նա ընդամենը ամսական 50 հազար շեքել կամ 14.6 հազար եվրո է ծախսում, և այդ գումարի մի զգալի մասը գնում է իր վերցրած վարկի մարմանը։
Նույնիսկ այս պարագայում ռեստորանատերը վստահ է, որ առնվազն 7-ից 10 տարվա ընթացքում, նա կվճարի բոլոր գումարները, իսկ արևային էլեկտրակայանը կմնա իրեն։ Գազայի հատվածի ռեստորանատիրոջ խոսքով՝ նա միակը չէ, բազմաթիվ մարդիկ են անցել այլևս արևային վահանակների օգտագործմանը։
Այս մեթոդը իհարկե արդյունավետ կլինի նաև Հայաստանի Հանրապետության համար, հատկապես առանձին շինություններով ձեռնարկությունների համար կենսական անհրաժեշտություն է դառնում արևային վահանակների օգտագործումը։
Մեր երկրում, իդեպ, արևային վահանակներ արտադրող միայն մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը», թեև հարկավոր է ավելացնել ոչ միայն «Սոլարոնի» արտադրական հզորությունները, այլև նոր ընկերություններ հիմնել, որոնք կապահովեն հանրությանը, ձեռնարկություններին և հայկական բիզնեսին ավելի էժան էլեկտրաէներգիայով թույլ կտան նվազեցնել ծախսերը, ինչը բարենպաստ ազդեցություն կունեն ոչ միայն բիզնեսի, այլ նաև սպառողների համար։
Լինա Արամյան