Վարչախումբը ձեռքերը լվացել է Արցախից և այդ մասին խոսում է «հպարտությամբ»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀայաստանի գործող վարչախումբը ձեռքերը ոչ միայն լվացել է Արցախից, այլ նաև այդ մասին հայտարարում է հպարտությամբ։
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը նախօրեին հայտնել է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև «Խաղաղության համաձայնագրի» գործընթացը տարանջատում է Արցախի հիմնախնդրի գործընթացից և սա դրական զարգացում և միտում է։ Ըստ Աղաջանյանի Ղարաբաղի հարցի շուրջ դժվար է երկկողմանիորեն ընդունելի որոշման գնալ և սա իր հետևից բերում է Հայաստանի նկատմամբ որոշակի ոտնձգությունների։
«Հայաստանը կոնկրետ խնդիրների է առնչվում՝ պայմանավորված նրանով, որ այս հարցը չի լուծվում և հնարավոր լուծման հեռանկար որևէ մեկը կտեղավորի առնվազն մեր պատկերացումների շրջանակներում և այն պատկերացումների, որ Ադրբեջանի ղեկավարությունը և հանրությունը ունի, մոտ ապագայում դժվար է պատկերացնել նման սցենար և լուծում»,- ասել է Աղաջանյանը։
Ժամանակին «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարող իշխանության ներկայացուցիչներն այսօր ոչ միայն հրաժարվում են Արցախի հարցի լուծումից, Արցախը ամբողջությամբ թողնելով Ադրբեջանի կազմում, այլև նույնիսկ ջանք չեն գործադրում արցախցիների իրավունքները պաշտպանելու ուղղությամբ։ Աղաջանյանը հայտարարել է, թե 44-օրյա պատերազմի արդյունքում և հետևանքով Հայաստանն այլևս չունի հնարավորություն և ռեսուրս ապահովելու Արցախի ժողովրդի իրավունքները, ազատությունները՝ այդ թվում անվտանգությունը։
Երկու տարի շարունակ, երբ ընդդիմությունը և քաղաքագետները հայտարարում են, թե այս իշխանություններն ամեն ինչ անում են արցախցիների իրավունքները ամբողջությամբ Ադրբեջանին զիջելու, փաշինյանական վարչախումբն իր սպասարկուների միջոցով ֆեյքեր և հայհոյանքներ է տարածում, իսկ այսօր արդեն իրենք են բառացի հայտարարում, թե այլևս որևէ հնարավորություն և ռեսուրս չունեն։ Այս իրավիճակում խնդիրը մնում է բացառապես Արցախի հանրության և Հայաստանի ընդդիմության ուսերին։
Պետք է ի վերջո համախմբման գնալ՝ Հայաստնանի դավաճանական իշխանություններին հեռացնելու համար։ Աղաջանյանի հայտարությունը նաև վկայում է , որ Հայաստանի իշխանությունները «Խաղաղության համաձայնագրի» երկու տարբերակներից ընտրել են վատթարագույնը՝ Եվրամիության ներկայացրած տարբերակը, որով ոչ թե Արցախի կարգավիճակի հարցը առկախվում է, այլ ամբողջական փաթեթային լուծում է տրվում խնդրին, իսկ Արցախի հարցը մնում է բացառապես Ադրբեջանի «բարի կամքի» տիրույթում։
Ալինա Մսրյան