Հարավային Կովկասի երկրները ռուս-իրանական դաշինքը պետք է դիտարկեն որպես խորքային սպառնալիք. Պետդեպ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱՄՆ Պետդեպի փոխխոսնակ Վեդանտ Պատելը հայտարարել է, որ Հարավային Կովկասի երկրները ռուս-իրանական դաշինքը պետք է դիտարկեն որպես խորքային սպառնալիք:
Ճեպազրույցի ժամանակ լրագրողը Պետդեպի փոխխոսնակից հետաքրքրվել է, թե արդյոք Իրանի և Ռուսաստանի միջև գտնվող երկրները՝ Հայաստանն ու Ադրբեջանը, ինչպես նաև մյուսները, հստակ գիտակցո՞ւմ են հավանական հետևանքները, եթե թույլ տան իրենց տարածքով իրանական հրթիռները տեղափոխել Ռուսաստան:
Սրան ի պատասխան Պետդեպի փոխխոսնակն ասել է, որ չի պատրաստվում շահարկել այն, թե ինչպես կարող են այլ երկրները վերաբերվել այս կամ այն երկրին:
«Բայց ես կօգտվեմ այս առիթից ևս մեկ անգամ կրկնելու, որ Ռուսաստանի՝ Իրանի հետ դաշինքի խորացումը մի բան է, որն ամբողջ աշխարհը, ներառյալ տարածաշրջանի երկրները, ներառյալ ձեր նշած որոշ երկրներ, պետք է դիտարկեն որպես խորքային սպառնալիք: Մի կողմից ունենք Ռուսաստան, որը մասնակցում է բարբարոսական, անօրինական և անարդար ներխուժմանը մեկ այլ երկիր, իսկ մյուս կողմից, ունենք Իրան, որը հայտնի է տարածաշրջանում ապակայունացնող, բռնի գործողությունների մասնակցությամբ: Այնպես որ, ամբողջ տարածաշրջանը պետք է մտահոգված լինի»,- ասել է նա: