Բաքուն բողքել է սահմանին իրավիճակի գնահատման համար ԵԱՀԿ առաքելության այցից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի ԱԳՆ-ն հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի գնահատման համար ԵԱՀԿ առաքելությունը «մասնավոր այց» է անվանել։
Բաքվում կարծում են, որ ԵԱՀԿ առաքելությունը, որը հոկտեմբերի 21-27-ը կայցելի Հայաստան, «չունի ԵԱՀԿ մանդատ եւ չի կարող կապված լինել այդ միջազգային կազմակերպության հետ»։
Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդում է, որ առաքելություն ուղարկելու հարցը «երբեք չի քննարկվել հավաքական որոշումներ կայացնող ԵԱՀԿ-ի որեւէ մարմնի կողմից, եւ, որպես հետեւանք, ոչ մի որոշում չի կայացվել»։
«Այսպիսով, «Հայաստանում ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելություն» կոչվող ցանկացած խումբ չունի ԵԱՀԿ մանդատ, չի կարող որեւէ կերպ կապված լինել ԵԱՀԿ-ի հետ, եւ դրա ոչ մի արդյունք կամ զեկույց չի ընդունվի որպես ԵԱՀԿ փաստաթուղթ»:
Ավելին՝ Հայաստան նման խումբ ուղարկելը «լուրջ հարցեր է առաջացնում»։
«ԵԱՀԿ նախագահության եւ քարտուղարության կողմից նման չմտածված միակողմանի գործողությունը հակասում է ցանկացած պատասխանատու եւ վստահելի միջնորդության եւ վստահության հիմնական սկզբունքներին, որոնք պահանջում են, մասնավորապես, կողմերի համաձայնությունը, միջնորդների անաչառությունը եւ միջազգային իրավունքից բխող պետությունների պարտավորությունների կատարումը»,- նշել են գերատեսչությունում։