ԳՇ-ն հիմա էլ խաբում է Ջերմուկում ստեղծված իրավիճակի վերաբերյալ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՍեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակումից ավելի քան մեկուկես ամիս անց Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը հայտարարում է, թե Ջերմուկի ուղղությամբ մխրճված ստորաբաժանումները կորուստներ տալով ետ են քաշվել։ Թե կոնկրետ ե՞րբ է դա տեղի ունեցել՝ Ասրյանը չի մանրամասնել։
«Հակառակորդի ստորաբաժանումները, տալով համապատասխան կորուստներ, հետ են քաշվել, և ներկա դրությամբ մենք Ջերմուկի ուղղությամբ ունենք գծագրված առաջնագիծ, որն ապահովում է Ջերմուկ քաղաքի անվտանգությունը: Նաև սեպտեմբերի 16-ից հետո, ես ևս երկու անգամ այցելություն եմ ունեցել Ջերմուկի ուղղություն, այնտեղ ամեն ինչ համակարգված է և իրադրությունը հարաբերական կայուն է», - ընդգծել է նա:
Չնայած Գլխավոր շտաբի պետի այս պնդմանը, ջերմուկցիները վստահեցնում են՝ քաղաքի մոտակայքում տեղակայված ադրբեջանական ստորաբաժանումը շարունակում է իր տեղում մնալ և դա երևում է նաև անզեն աչքով։ Հայաստանի քաղաքացիները վաղուց արդեն համակերպվել են «այն իրականության հետ», որ Հայաստանի Պաշտպանության նախարարությունը, գլխավոր շտաբը, այլ գերատեսչություններ հնարավորինս փորձում են թաքցնել իրականությունը իրենցից, փորձում են ստել և ամեն կերպ առաջ մղել իշխանության ձեռնտու թեզերն ու օրակարգերը։
Ըստ էության գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանի հայտարարությունը ևս մեկ դրվագ է հերթական ստախոսության դեպքերից։ Գլխավոր շտաբը և բանակի պատասխանատուները այսօր վերածվել են Փաշինյանի քարոզչական մեքենաների, ռոբոտների և ամեն ինչ անում են, որպեսզի վարչախմբին հեռու պահեն ժողովրդական լայն զանգվածների դժգոհությունից և թշնամանքից։
Նույնիսկ այս մեկ դրվագով փաշինյանական վարչախմբի ներկայացուցչի խոսքերը հերքում են մարդիկ, ովքեր իրենք են բնակվում Ջերմուկի այդ տարածքում, և որքան էլ էդուարդասրյաններն ու սուրենպապիկյանները փորձեն տեղեկությունները թաքցնել հանրությունից, վաղ, թե ուշ այդ ամենը ապացուցվելու է, իսկ փաշինյանական վարչախումբը կրկին ստիպված լինի գլուխը կախել, թեև հարկ է ընդգծել, որ նույնիսկ ակնհայտ ստախոսության մեջ բռնվելուց հետո գործող վարչախմբի ներկայացուցիչները առանձնապես հարկ չեն համարում իրենց ստորացված զգալ։ Նրանց համար ստելը այլևս դարձել է կենսակերպ։
Աննա Նադոյան