«Քաղաքացիական պայմանագրի» խայտառակությունը. կեղծել են սեփական ընտրությունը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ«Քաղաքացիական պայմանագիրը» խայտառակության հերթական դրվագն է արձանագրել իր պատմության ընթացքում։ Պարզվել է, որ օրեր առաջ տեղի ունեցած համաժողովում վարչության ընտրությունները պարզապես կեղծվել են, ընդ որում կեղծվել են այնպես, որ երկու բարձրաստիճան պաշտոնյայի համար հավելագրումներ են արվել, իսկ հին ՔՊ-ական մի շարք գործիչներ դուրս են մնացել վարչության կազմից։
Մեր տեղեկություններով երեկ երեկոյան վարչության նիստ է կայացել, որտեղ որոշում է ընդունվել հնարավորինս սվաղել իրավիճակը։
Փաշինյանը երեկ պետք է հանդիպեր ՔՊ խորհրդարանական խմբակցության հետ, սակայն տեղեկությունը հրապարակվելուց հետո, իբր զայրացել է, հրաժարվել հանդիպումից և վարչության նիստ գումարել։ Վերահաշվարկից հետո պարզվել է, որ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի և Հայկ Կոնջորյանի փոխարեն վարչության անդամ պետք է դառնան ԱԻՆ նախարար Արմեն Փամբուխչյանն ու պատգամավոր Արսեն Թորոսյանը։ Առայժմ «Քաղպայմանագիրը» չի որոշել, թե ինչպես է իրականացնելու նրանց վերադարձը վարչություն։ ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ վարչության ընտրության ողջ կեղծիքը իրականացվել է պաշտպանության նախարար սուրեն Պապիկյանի հրահանգով, պատգամավոր Արփի Դավոյանի անմիջական մասնակցությամբ։
Դավոյանը իր մերձավորների, ՔՊ-ական օգնականների ու փորձագետների, ինչպես նաև մի շարք ակտիվիստների միջոցով սխալ է մուտքագրել ընտրությունների արդյունքները համակարգիչներ և արդյունքում ստացվել է բոլորովին այլ պատկեր։ Վարչապետի խորհրդական Ալեքսանդր Ավետիսյանի պահանջով իրականացված վերահաշվարկը ապացուցել է ընտրությունների կեղծված լինելու հանգամանքը։ Ի դեպ, նույն այն պահին, երբ «Քաղպայմանագիրը» կեղծում էր իր իսկ ընտրությունները, Նիկոլ Փաշինյանը ՔՊ համագումարի ամբիոնից հայտարարում էր, թե իրենց օրոք Հայաստանում փակվել է ընտրությունների կեղծման էջը։
Մեր աղբյուրը նաև փոխանցեց, թե «Քաղպայմանագրում» շատերը պահանջել են պատժել և մանդատից զրկել Արփի Դավոյանին, սակայն այս անգամ էլ նրան հաջողվել է պլստալ՝ բացառապես Նիկոլ Փաշինյանի բարեհաճության շնորհիվ։