Ֆրանսիայի ֆինանսների նախարարը ԵՄ-ին կոչ է արել ԱՄՆ-ի դեմ հանդես գալ․ Politico
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի ֆինանսների նախարար Բրունո Լը Մերը Եվրամիությանը կոչ է արել ԱՄՆ-ի դեմ հանդես գալ՝ հայտարարելով, որ Վաշինգտոնը սուբսիդավորում է իր ընկերություններին՝ վերջերս ընդունված օրենքի համաձայն, որը մեծ հարկային արտոնություններ է առաջարկում ամերիկյան արտադրության էլեկտրամոբիլներ գնողների համար, հաղորդում է Politico-ն:
Չորս եվրոպական լրատվամիջոցներին, այդ թվում՝ ֆրանսիական Les Echos բիզնես-հրատարակությանը տված հարցազրույցում Լը Մերը ափսոսանք է հայտնել ԱՄՆ-ի առեւտրային քաղաքականության մասին՝ ասելով, որ «մեր արդյունաբերությունն արդեն տառապում է մրցունակության դեֆիցիտից՝ կապված Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի միջեւ էներգակիրների գների տարբերության հետ: Լը Մերի խոսքով՝ Չինաստանի մրցակցությունը, ինչպես նաեւ գնաճի նվազեցման մասին ԱՄՆ օրենքը, ամենայն հավանականությամբ, կմեծացնեն այդ տարբերությունը:
Նա կոչ է արել, որ «Եվրամիությունը համակարգված, միասնական եւ վճռական արձագանքի մեր ամերիկյան դաշնակիցներին»: «Միայն հաստատակամությունը մեզ թույլ կտա արդյունքների հասնել»,- ասել է նա։
Լը Մերը չի բացառել, որ ԱՄՆ-ի դեմ բողոք կարող է ներկայացվել Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը։ Նա ասել է, որ «Եվրոպան պետք է պաշտպանի իր շահերը», քանի որ չի կարող որեւէ նվեր ակնկալել Չինաստանից կամ հենց ԱՄՆ-ից։
Անդրատլանտյան վեճը բռնկվել է ԱՄՆ-ում գնաճի նվազեցման օրենքի՝ հարկային, կլիմայական եւ առողջապահական հսկայական փաթեթի ընդունումից հետո, որը որոշ եվրոպական առաջնորդներ պրոտեկցիոնիստական են որակել:
Հարցին, թե կարգելափակի արդյոք Ֆրանսիան իր տարածքում չարտադրվող էլեկտրամոբիլներին օգնությունը, եթե եվրոպական մակարդակով որոշում չընդունվի, Լը Մերը պատասխանել է. «Մենք ոչինչ չենք բացառում»: