ՀՀ-ում ՏՏ ոլորտի սկսնակ ընկերություններին հարկային արտոնության տրամադրումը կերկարաձգվի ևս մեկ տարով
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԿառավարությունը հավանություն է տվել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին:
Օրինագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ-ում ՏՏ ոլորտի սկսնակ ընկերություններին հարկային արտոնության տեսքով պետական աջակցություն տրամադրումը ևս մեկ տարով հետաձգելու պահանջով: Օրենքով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի նոր ստեղծվող, սկսնակ տնտեսավարող սուբյեկտներին տրամադրվում է հարկային արտոնություններ, մասնավորապես, շահութահարկի 0% դրույքաչափի և եկամտային հարկի 10% դրույքաչափի կիրառմամբ: 2022 թ. աննախադեպ է դիմումների և տրամադրված հավաստագրերի քանակով։
Եթե 2015-2021թթ. ընթացքում հարկային արտոնություն ստանալու հավաստագիր է ստացել 1074 կազմակերպություն (անհատ ձեռնարկատեր), ապա միայն 2022թ. նոյեմբերի 8-ի դրությամբ, հավաստագրված կազմակերպությունների թիվը 1230 է, որից 1105-ի հիմնադիրները այլ երկրների քաղաքացիներ են։ Օրենքի համաձայն տնտեսավարող սուբյեկտ են համարվում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունները, այդ թվում` օտարերկրյա իրավաբանական անձինք, որոնք ՀՀ-ում կգրանցեն նոր կազմակերպություն։ Նրանք ևս կարող են դիմել, ստանալ հավաստագիր և արտոնյալ պայմաններով սկսել և ընդլայնել իրենց բիզնեսը Հայաստանում։
Մեր երկրում գործունեություն սկսելու համար արտերկրից դիմողների թիվը 2015 թ.-ից մինչ օրս կազմում է 247 օտարերկրյա ընկերություն։ Նախագծով առաջարկվում է հարկային արտոնության տեսքով պետական աջակցություն տրամադրումը հետաձգել ևս մեկ տարով՝ մինչև 2023 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ: