Նիդերլանդների դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲաքվում Նիդերլանդների դեսպան Փաուլին Էյզեմային ուրբաթ հրավիրել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն, հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Դեսպանի ուշադրությանն է ներկայացվել ադրբեջանական կողմի դժգոհությունը՝ կապված այն բանի հետ, որ նոյեմբերի 23-ին Նիդերլանդների փոխվարչապետ, ԱԳ նախարար Վոպկե Հուկստրան նամակ է հղել Նիդերլանդների խորհրդարան, որը պարունակում է Ադրբեջանի Զինված ուժերի կողմից ռազմական հանցագործություններ կատարելու մեղադրանքներ»,- ասված է ԱԳՆ-ում։
Բաքուն խորհուրդ է տվել Նիդերլանդներին «Հայաստանում ռեւանշիստական ուժերին աջակցելու, խաղաղ գործընթացին խոչընդոտելու փոխարեն նպաստել տարածաշրջանի երկրների զարգացմանը խաղաղության, կայունության և առաջընթացի պայմաններում՝ աջակցելով տարածաշրջանում ստեղծված անվտանգության և համագործակցության նոր շրջանակին»։
Ինչպես միշտ, Ադրբեջանի ԱԳՆ-ն հերքել է ադրբեջանցի զինծառայողների կողմից ռազմական հանցագործություններ կատարելու փաստերը և դրանում մեղադրել հայկական կողմին։