ԱԱ-2022․ Մարոկկոն հաղթեց Պորտուգալիային
ՍՊՈՐՏԱշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի երրորդ խաղում մրցեցին Մարոկկոյի եւ Պորտուգալիայի հավաքականները։
Նվազագույն հաշվով հաղթեց Մարոկկոյի թիմը։ Պորտուգալիայի հավաքականն ուներ մեծ տարածքային առավելություն՝ 73 տոկոս գնդակի վերահսկողությամբ, սակայն 2 հարված կատարեց մրցակցի դարպասին։
Իսկ Մարոկկոն իր 2 հարվածից մեկը վերածեց գոլի։ 42-րդ րոպեին Մարոկկոյի «Վիդադ» ակումբի 27-ամյա պաշտպան Յահյա Ատիատ-Ալլահի փոխանցումից հետո պորտուգալացիների դարպասը գրավեց իսպանական «Սեւիլիայի» 25-ամյա հարձակվող Յուսեֆ Էն-Նեսիրին։
Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն դարձյալ մնացել էր պահեստայինների թվում։ 37-ամյա հարձակվողի փոխարեն դարձյալ մեկնարկային կազմում էր Լիսաբոնի «Բենֆիկայի» 21-ամյա հարձակվող Գոնսալու Ռամուշը։
Ռոնալդուն փոխարինման դուրս եկավ 51-րդ րոպեին անգլիական «Վուլվերհեմփթոնի» 25-ամյա կիսապաշտպան Ռուբեն Նեւեշի փոխարեն։ Սակայն Ռոնալդուն էլ գոլ խփել չկարողացավ։ Միայն մեկ անգամ նա հարվածեց դարպասին։ Գերազանց հանդիպում անցկացրած «Սեւիլիայի» 31-ամյա դարպասապահ Բունուն սեյվ կատարեց։
Ավելացված առաջին եւ երրորդ րոպեներին երկու դեղին քարտ ստացավ եւ հեռացվեց Մարոկկոյի հավաքականի ու իտալական «Բարիի» 24-ամյա հարձակվող Վալիդ Շեդիրան։ Թվային առավելությունն էլ գոլի վերածել Պորտուգալիան չկարողացավ։
1/8 եզրափակիչում Մարոկկոն հետխաղային 11-մետրանոցներով 3:0 հաշվով հաղթել էր Իսպանիայի հավաքականին։
Մարոկկոն կիսաեզրափակիչում կմրցի Եվրոպայի փոխչեմպիոն Անգլիայի եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի դիմակայության հաղթողի հետ։ Այդ խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։