Անընդհատ հոգնած լինելու պատճառները
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԺամանակին պառկում եք քնելու, սակայն արթնանալուց հետո կրկին հոգնա՞ծ եք: Կփորձենք միասին գտնել պատճառը: Մշտական հոգնածության բազմաթիվ պատճառներ կան` սպորտային սխալ պարապմունքներից մինչև առողջական թաքնված խնդիրներ: Քննարկենք դրանցից մի քանիսը.
Ջրազրկում
Ոչ բավարար ջուր խմող կանայք հաճախ գանգատվում են հոգնածությունից և տրամադրության տատանումներից: Օրական պետք է նվազագույնը 2 լիտր ջուր խմել:
Վիտամին B12 - ի պակաս
Վիտամին B12-ն անհրաժեշտ է արյան կարմիր գնդիկների ձևավորման և նյարդային համակարգի նորմալ աշխատանքի համար: Այս վիտամինի անբավարարության դեպքում զգացողություն է, կարծես բոլորովին չեք քնել: Վիտամին B 12-ի անբավարարության վտանգի գոտում են գտնվում տարեց մարդիկ, բուսակերները և ստամոքսի վիրահատություն տարած մարդիկ:
Սթրես
Կայուն սթրեսը խանգարում է սթրեսի հորմոնի՝ կորտիզոլի արտազատումը, որի մակարդակը սովորաբար բարձրանում է առավոտյան և իջնում երեկոյան, այդ պատճառով վատ եք քնում և առավոտյան քնկոտ լինում: Փորձեք պայքարել սթրեսի դեմ, փոխեք խնդիրների հանդեպ վերաբերմունքը, հանգստացնող վարժություններ կատարեք:
Չբացահայտված սրտային հիվանդություններ
Հետազոտությունների արդյունքների համաձայն կանայք սրտամկանի ինֆարկտից մի քանի շաբաթ առաջ անսովոր քնկոտություն ու հոգնածություն են նշում: Հևոցը ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, ցավը կրծքավանդակում մյուս նախազգուշացնող նշաններն են:
Երկաթի բարձր կամ ցածր պարունակություն
Շատերը գիտեն, որ անեմիան ուղեկցվում է հոգնածության զգացումով: Սակայն մի շտապեք երկաթ ու վիտամին C ընդունել: Երկաթի գերդոզավորումը նույնպես հանգեցնում է հոգնածության: Հետևաբար երկաթի պրեպարատներ ընդունելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ: Ուշադիր եղեք, երկաթի դեֆիցիտ հաճախ հանդիպում է բուսակերների, ստամոքսաղիքային համակարգի հիվանդություններով, վահանագեղձի հիվանդություններով տառապող մարդկանց մոտ, շատ առատ դաշտանային արյունահոսության դեպքում:
Ցածր ֆիզիկական ակտիվություն
Եթե նստակյաց կյանք եք վարում և ձեր ֆիզիկական ակտիվությունը սահմանափակվում է բազմոցից աշխատասենյակի աթոռին հասնելով և հակառակը, ապա կարող եք անընդհատ հոգնածություն զգալ: Նստակյաց կյանքը հանգեցնում է կորտիզոլի քանակի նվազման, ինչը թուլության զգացում է առաջացնում: Սկսեք շարժվել: Շաբաթական 150 ժամ չափավոր կամ 75 ժամ ինտենսիվ ֆիզիկական պարապմունքների շնորհիվ կսկսեք ավելի թարմ ու աշխույժ զգալ: