Բլեֆ՝ փափուկ բարձի տեսքով. Փաշինյանական վարչախումբը նոր մարտավարություն է որդեգրել
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՓաշինյանական վարչախումբը նոր մարտավարություն է որդեգրել՝ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը փոխելու, իր քայլերը արդարացնելու, նաև հնարավորինս անցնցում մտահաղացումն իրականացնելու համար։ Հայաստանյան արևմտամետ սեգմենտը, որ վաղուց սնվում է արևմտյան աղբյուրներից, հիմա էլ անցել է ուղղակիորեն իշխանական կերակրատաշտից օգտվելուն, վերջին շրջանում բուռն քննարկումների մեջ են՝ ինչպիսի մոդել մշակել արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության առումով։
Իշխանամետ հատվածը գիտակցում է, որ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունը բնավ է անցնցում չի լինելու, հնարավոր են լուրջ հակազդեցություններ, հատկապես մեր տարածաշրջանում ազդեցության դարավոր ավանդույթներ ունեցող Ռուսաստանի կողմից։ Ուստի, որոշվել է «անշառ» տարբերակ գտնել, մասնավորապես հայտարարել, թե Հայաստանը ոչ թե ռուսական անվտանգային ճարտարապետությունից անցում է կատարում արևմտյանին, այլ իրեն պետք է հռչակի արտադաշինքային, չեզոք երկիր։
Միջանկյալ այս տարբերակը հրամցնելու են թե՛ հանրությանը, և թե՚ արտաքին աշխարհին։ Փափուկ բարձի տեսքով այս բլեֆի իրական նպատակները, բնականաբար, պարզ են բոլորի, հատկապես Ռուսաստանի և նրա դաշնակիցների համար։ Սակայն փաշինյանական վարչախումբը այսօր խնդիր ունի սեփական ընտրողներին և հայ հանրությանը համոզելու իր իբր «չեզոքության» մեջ։
Իսկ ՀԱՊԿ-ն լքելուց և ՌԴ ազդեցությունը չեզոքացնելուց հետո արևմտյան անվտանգային համակարգին ինտեգրվելն արդեն տեխնիկայի հարց է։ Հատկապես, որ ուկրաինական պատերազմից հետո Արևմուտքը բնավ դեմ չէ նոր անդամներ ներգրավելուն։
Մեր աղբյուրի փոխանցմամբ, վերլուծական մի շարք կենտրոններ այսօր աշխատում են այս մարտավարության վրա։ Ավելին, վարչապետի աշխատակազմին համապատասխան ՊՈԱԿ-ը տարբեր վերլուծաբանների, արևմտյան ֆինանսավորմամբ կառույցների հետ մշակում է նոր հայեցակարգ, քարոզիչներն էլ պետք է կատարեն իրենց հանձնարարությունը, հանրությանը համոզեն, թե ՀՀ արտաքին քաղաքական գիծը հակառուսական չէ, այլ, ընդամենը, «չեզոք» է։
Կարինե Սարուխանյան