Ապօրինի անտառահատումների հետևանքով պետությանը հասցվել է 15 մլն 172 հազար 500 դրամի վնաս. գործն ուղարկվել է դատարան
ԻՐԱՎՈՒՆՔԴսեղի անտառպետության 5-րդ պահաբաժնի նախկին անտառապահը կազմակերպության ու պետության իրավունքներին և օրինական շահերին անզգուշությամբ պատճառել է ծանր հետևանք՝ 15 մլն 172 հազար 500 դրամի վնաս, այս մասին նշված է Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ:
«Բ.Պ.-ն, 2020 թվականի նոյեմբերի 24-ից մինչև 2021 թվականի հուլիսի 22-ը զբաղեցնելով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի Դսեղի անտառպետության 5-րդ պահաբաժնի անտառապահի պաշտոնը, իր վրա դրված պարտականությունները պատշաճ չկատարելու հետևանքով՝ կազմակերպության ու պետության իրավունքներին և օրինական շահերին անզգուշությամբ պատճառել է ծանր հետևանք՝ 15 մլն 172 հազար 500 դրամի վնաս:
Մասնավորապես՝ Բ.Պ.-ն նշված պահաբաժնում պարբերաբար շրջայցեր չի իրականացրել, չի կազմել շրջայցերի արձանագրություններ, անտառխախտման որևէ դեպք չի հայտնաբերել ու չի արձանագրել, սակայն 2020 թվականի նոյեմբերի 27-ից մինչև 2021 թվականի մայիսի 24-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի հատվել են տարբեր տեսակի ու տրամագծի 112 ծառեր և 10 ճյուղեր:
2021 թվականի օգոստոսի 11-ին նախաձեռնվել է քրեական վարույթ: 2023 թվականի մարտի 23-ին Բ.Պ.-ին մեղադրանք է ներկայացվել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք):
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեղադրյալ Բ.Պ.-ն չի վերականգնել 15 մլն 172 հազար 500 դրամի պատճառված վնասը:
Լոռու մարզի դատախազի կողմից 2023 թվականի մարտի 28-ին քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Բացի այդ, դատարան է ներկայացվել պետությանը պատճառված վնասի հատուցման վերաբերյալ հայցադիմում:
2023 թվականի մարտի 20-ին Բ.Պ.-ի վերաբերյալ մեկ այլ քրեական վարույթ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան (միաժամանակ ներկայացվել է հայցադիմում՝ պետությանը պատճառված 5 մլն 43 հազար դրամ վնասի վերականգնման նպատակով):