Ադրբեջանի ՊՆ-ն Իրանին մեղադրել է «ահաբեկչությանն աջակցելու» մեջ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ«Իրանական կողմի մեղադրանքներն Ադրբեջանի տարածքում օտարերկրյա որևէ ուժի առկայության վերաբերյալ անհիմն են և միանգամայն անընդունելի։ Ադրբեջանի տարածքում ընդհանրապես օտար տարրեր չկան»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ՊՆ-ն՝ մեկնաբանելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատար Կիոմարս Հեյդարիի հայտարարությունները։
Բաքուն նաև մեղադրել է Իրանին Հայաստանի հետ «եղբայրական» հարաբերություններ ունենալու մեջ։
«Այսօր ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանն աշխարհում ունի երկու հիմնական դաշնակից՝ Ֆրանսիան և Իրանը»,- ասվում է հայտարարության մեջ։
Ադրբեջանի ՊՆ-ն նաև փորձել է հերքել այն փաստը, որ Արցախի դեմ 44-օրյա ռազմական ագրեսիայի ժամանակ օգտագործել է Սիրիայից բերված ահաբեկիչների։
«Զավեշտալի է նաև, որ այս մեղադրանքը հնչել է բարձրաստիճան զինվորականի կողմից, ով ներկայացնում է ահաբեկչությանը աջակցող երկիր և մեղադրվում է աշխարհի տարբեր երկրներում ահաբեկչական գործունեություն իրականացնելու մեջ»,- ասված է Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրության մեջ։