Ծխախոտային քարոզարշավ. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Օրերս Պաշտպանության նախարարությունը հրապարակեց մի տեղեկություն, համաձայն որի զինծառայողներին այլևս չէր հատկացվելու ծխախոտի չափաբաժինը։ Այս լուրը բավական լայն և հակասական արձագանք ստացավ։ Պաշտպանության նախարարությունն այս որոշումը հիմնավորում էր զինծառայողների առողջության հանդեպ մտահոգությամբ և առողջ ապրելակերպին հետևելով։ Միևնույն ժամանակ որոշակի թյուրիմացություններ նույնպես եղան՝ մինչ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հանդես եկավ պարզաբանմամբ։ Բանն այն է, որ որոշումը վերաբերում էր պայմանագրային զինծառայողներին հատկացվող ծխախոտի չափաբաժնին՝ օրական 20 հատիկ, վերջինիս փոխարեն զինծառայողների աշխատավարձին ավելացվելու էր համապատասխան գումարը։ Ինչ վերաբերում է ժամկետային զինծառայողներն, ապա պետք է նշել, որ դեռևս 2008 թվականից վերջիններիս ծխախոտ չի հատկացվում, այլ տրվում է յուրաքանչյուր ամիս զինծառայողին տրվող դրամական փոխհատուցման հետ ծխախոտի գումարը։
Կարծես թե այստեղ որևէ զարմանալի բան չկա, շատ նորմալ է նաև, որ պայմանագրային զինծառայողներին նույնպես այլևս չի հատկացվելու ծխախոտը, այլ տրվելու է գումարը՝ անկախ դրա չափից, քանի որ վերջիվերջո կան չծխող զինածառայողներ կամ ծառայողներ, որոնք նախընտրում են այլ սիգարետ։ Առավել տարօրինակ էր, սակայն, այս որոշման հանրայնացումը։ Ըստ էության, պետք է նշել, որ իրականում մենք գործ ունենք անէական վաղուց հասունացած մի որոշման հետ, որը ոչ կապված է մեծ դրամական տեղաշարժերի հետ, ոչ էլ ըստ էության ծխելու դեմ լայնածավալ ակցիա է զինծառայողների շրջանում։ Ընդամենը տեխնիկական փոփոխություն, որի դեպքում օրական մեկ տուփ ծխախոտի փոխարեն դրա գումարը հավելվելու է ծառայողի աշխատավարձին։
Սակայն հայաստանյան լրատվամիջոցները և հենց Պաշտպանության նախարարությունը, նախարարի այս որոշումը ներկայացրեցին զինծառայողների առողջության մասին նախարարի մտահոգության լույսի ներքո։ Այս որոշման մասին լրահոսից այնպիսի տպավորություն էր, թե Վիգեն Սարգսյանը և ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբը օրուգիշեր աչք չէին փակում՝ մտածելով, թե ինչպես մեր զինածառայողների մոտ սերմանեն առողջ ապրելակերպի սկզբունքները և զերծ պահեն ծխելու սարսափելի երևույթից։
Ինչ խոսք, պետք է նշել, որ ծխելու դեմ պայքարը միանշանակ դրական է և հնարավորինս պետք է բացառել այս երևույթը ոչ միայն բանակում, այլև ընդհանրապես հասարակության մեջ, սակայն պաշտպանության նախարարության այս որոշումից և դրա հրապարակման ու բարձրաձայնման շեշտադրումներից ակնհայտորեն զգացվում էր, այս ամբողջ թնջուկի մեջ առավելապես գերակշռում է Պաշտպանության նախարարության և մասնավորապես Վիգեն Սարգսյանի փիառը։ Սա ըստ էության նույնպես հասկանալի է, քանի որ Վիգեն Սարգսյանը գլխավորում է Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը, սակայն պետք է նշել, որ երբեմն նման փիառը կարող է հակառակ ազդեցություն ունենալ, քանի որ եթե մենք պարզապես մեկ երկու օր հետևենք լրահոսին, ապա կարող ենք տեսնել, թե ինչպիսի մանրակրկիտությամբ է լուսաբանվում Վիգեն Սարգսյանի ցանկացած քայլը, արարողակարգային հանդիպումը կամ այցելությունը որևէ տեղ։ Այլ հանգամանքներում սա գուցե և տարօրինակ թվար, քանի որ, որպես կանոն, զինված ուժերն առավելապես փակ համակարգեր են, որտեղ կատարվող յուրաքանչյուր մանրուք նույնիսկ հակացուցված է հրապարակելու, սակայն քանի որ մենք գտնվում ենք նախընտրական Հայաստանում, ապա այլևս ոչինչ զարմանալի լինել չի կարող և անգամ ծխախոտը կարող է դառնալ քարոզչության գործիք։
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: