«Սահմանազատման գործընթացում գյուղերի հարցերն անխուսափելիորեն պետք է լուծվեն»․ Տոյվո Կլաար
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայ-աբրբեջանական սահմանազատման գործընթացում հայկական գյուղերի հարցերն անխուսափելիորեն պետք է լուծվեն, ասել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում։
Հարցին՝ առնվազն հրապարակային հայտարարություններով Ադրբեջանը Հայաստանից պահանջում է գյուղեր, ինչպես նաև արտատարածքային միջանցք՝ ինչպիսի՞ն է ԵՄ դիրքրոշումը այդ առնչությամբ, Տոյվը Կլաարը պատասխանել է․
«Կարծում եմ, որ կոնկրետ գյուղերի վերաբերյալ Հայաստանում նույնպես պատկերացումներ կան, թե ինչպիսին է դրանց կարգավիճակը: Սահմանազատման գործընթացում նման հարցերը պետք է անխուսափելիորեն լուծվեն: Բայց ինչ վերաբերում է տարանցիկ երթուղիների հարցին, եւ, մասնավորապես, ձեր նշած՝ Ադրբեջանի եւ Նախիջեւանի տարանցիկ կապին, այդպիսի երթուղու կամ նման երկաթուղի Հայաստանի տարածքում լինելու պարագայում այն պետք է գործի Հայաստանի օրենքներով եւ կանոնակարգերով: Այսպիսի լուծում ունենալը բնական է: Ես վստահ եմ, որ բավականին հեշտ է, կամ պետք է հեշտ լինի կարողանալ առաջ շարժվել Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ Հայաստանով անցնող տարանցիկ կապերի համաձայնեցման հարցում: Կարծում եմ, որ սա շահեկան իրավիճակ է, առկա է շահեկան արդյունք բոլոր շահագրգիռ կողմերի համար: Եվ ես հուսով եմ, որ մենք կկարողանանք բոլոր կողմերից որոշակի բարի կամք դրսեւորման դեպքում իրական առաջընթաց գրանցել այս ոլորտում, քանի որ ես կարծում եմ, որ դա բխում է ոչ միայն Ադրբեջանի, այլ նաեւ Հայաստանի շահերից, եթե մենք այդ պարագայում ունենանք երկաթուղի, որը Ադրբեջանից անցնում է Հայաստանով դեպի Նախիջեւան, իսկ Նախիջեւանից շարունակվում է դեպի Գյումրի եւ, ի վերջո, դեպի Կարս: Եթե այն լինի Հայաստանի վերահսկողության ներքո»,- ասել է Տոյվո Կլաարը: