Էլեկտրաէներգիայի գների նվազման բանալին վերականգնվող էներգիայի արտադրության ավելացումն է․ Շոլց
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՎերականգնվող էներգիայի արտադրության ավելացումը, այլ ոչ թե սուբսիդիաները, Գերմանիայի էներգատար արդյունաբերության համար էլեկտրաէներգիայի գների նվազման բանալին է։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ ակնհայտորեն անտեսելով իր կառավարության էկոնոմիկայի նախարարի առաջարկները, հայտնում է Reuters-ը: Գերմանիայում արդյունաբերական ընկերություններն ասում են, որ էլեկտրաէներգիայի գները չափազանց բարձր են՝ համեմատած այլ երկրների հետ, ինչը Գերմանիայի ծանր արդյունաբերությունը կառուցվածքային առումով անբարենպաստ է դարձնում՝ համեմատած այլ արտադրական կենտրոնների հետ, ինչպիսիք են ԱՄՆ-ն եւ Չինաստանը: Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունը, որը ղեկավարում է «Կանաչների» կուսակցությունից Ռոբերտ Հաբեքը, այս շաբաթ հրապարակել է մինչեւ 2030 թվականը էլեկտրաէներգիայի գինը մեկ կիլովատ/ժամի համար 6 ցենտի չափով սուբսիդավորման ծրագիրը։
Այնուամենայնիվ, Շոլցի կոալիցիոն կառավարության ֆինանսների նախարարությունը դեմ է արտահայտվել սուբսիդավորման սխեմային՝ ասելով, որ դրա համար բյուջե չկա: «Արդեն այսօր կան շրջաններ, որտեղ էլեկտրաէներգիայի արտադրությունն այնքան էժան է, որքան մենք ցանկանում ենք, որ արդյունաբերական ձեռնարկությունները կարողանան գերակշռել համաշխարհային մրցակցության մեջ՝ առանց սուբսիդիաների»,-ասել է Շոլցը, երբ նրան խնդրել են մեկնաբանել, թե ինչպես ավելի լավ կլինի իջեցնել էլեկտրաէներգիայի գները:
Աֆրիկա կատարած ուղեւորության ժամանակ Շոլցը Քենիայի երկրաջերմային էլեկտրակայանում ելույթ է ունեցել լրագրողների առջեւ: «Արդեն այսօր մենք գիտենք, որ էլեկտրաէներգիայի գներն ավելի ցածր կլինեն, քան այսօր, երբ հասնենք մեր նպատակին, որպեսզի վերականգնվող էներգիան գերիշխի Գերմանիայում էլեկտրաէներգիայի արտադրության մեջ»,-ասել է նա։ Ավելի վաղ Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունը հայտարարել է, որ առաջարկվող սուբսիդիան կգործի մինչեւ 2030 թվականը եւ ընթացիկ շուկայական գներով կարժենա 25 միլիարդ եվրոյից մինչեւ 30 միլիարդ եվրո: Շոլցը թերահավատորեն է վերաբերվում նախաձեռնությանը՝ ասելով, որ երկարաժամկետ սուբսիդիաները օգուտ չեն բերում տնտեսությանը: