Հայաստանից 100-ամյա վետերանը կիսվել է երկարակեցության գաղտնիքով և պատմել իր մարտական ուղու մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆMir24.tv–ն գրում է, որ Հայրենական մեծ պատերազմի վետերան Վարոս Ավետիսյանը հայկական Գետազատ գյուղից է և 100 տարեկան է։ 1941 թվականի սեպտեմբերին կանչվել է Վրաստանի Ախթալայի հավաքակայան, այնտեղից ուղարկվել Թբիլիսիի հրետանային դպրոց։ Վետերանը MIR 24-ի թղթակից Աննա Շիրխանյանին պատմել է իր մարտական ուղու մասին:
Վարոս Ավետիսյանի առավոտը սկսվում է ոչ թե սուրճով, այլ իր ավանդական մասուրի արգանակով։ Ասում է, որ դա իր եռանդի և առողջության գաղտնիքներից մեկն է։ «Ես մահից չեմ վախենում, բայց չեմ էլ ուզում դա»,– ասում է նա:
Վետերանն ինքն է խնամում այգին, նա ամեն օր աշխատում է այնտեղ և այս տարի հույս ունի կեռասի հարուստ բերք հավաքել։
1941 թվականին Վարոս Ավետիսյանն ընդամենը 18 տարեկան էր, երբ Անդրկովկասյան ռազմական օկրուգի հրամանով նախ ուղարկվեց հրետանու ուսումնարան, ապա ռազմաճակատ։
«Ստալինգրադի ճակատամարտում խորհրդային զորքերի հաղթանակից հետո եղբայր-զինվորներիս հետ շարունակեցինք ազատագրել ԽՍՀՄ տարածքները ֆաշիստական զավթիչներից։ Երրորդ բելոռուսական ճակատի զորքերի կազմում մենք հասանք Լեհաստան և Արևելյան Պրուսիայի սահմաններ։ Այնտեղ էլ մենք դիմավորեցինք Հաղթանակը 1945 թվականի մայիսին»,- իր հիշողություններով է կիսվելց վետերանը:
Պատերազմից հետո Վարոս Ամայակովիչը հայրենի գյուղ է վերադարձել միայն 1946 թվականին։ Ապա ամուսնացել է, ավարտել Երևանի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։
«Դրանից հետո մեր Գետազատ գյուղի դպրոցում սկսեցի աշխատել որպես պատմության և հիմնական զինվորական պատրաստության ուսուցիչ, իսկ հետո դարձա դպրոցի փոխտնօրեն։ Իսկ 1968-ին մեր շրջկուսակցական կոմիտեի բյուրոն ինձ նշանակեց գյուղխորհրդի նախագահ»,- պատմել է Վարոս Ավետիսյանը։
Վետերանը արդեն 30 տարի է, ինչ թոշակի է անցել, բայց ձանձրանալու ժամանակ չունի: Վարոս Ավետիսյանը սիրելի այգուց բացի ունի մեծ ընտանիք՝ 50-ից ավելի երեխաներ, թոռներ ու ծոռներ։ Ռուսաստանից նրա կրտսեր դուստրն է վերջերս եկել շնորհավորելու հորը։ «Ես հպարտ եմ, որ հայրս արդեն 100 տարեկան է։ Նա ինձ համար միշտ լավագույն խորհրդականն է եղել, նրանից միշտ օրինակ եմ վերցրել՝ նրա բարությունը, դրականը։ Գիտե՞ք, մեր ընտանիքում երբեք բարձրաձայն խոսք չի եղել, միշտ տիրել է ներդաշնակությունը։ Հայրս յուրահատուկ մարդ է»,- պատմել է Վարոս Ավետիսյանի դուստրը՝ Սիրանուշը։
Բարությունը Վարոս Ավետիսյանը համարում է երկարակեցության իր գլխավոր գաղտնիքը: Ասում է, որ եթե բարկացած ես ճակատագրի ու մարդկանց վրա, երկար չես ապրի։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը