Պեսկովը կոչ է արել Լուկաշենկոյի վիճակի վերաբերյալ առաջնորդվել Մինսկի հայտարարություններով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլն առաջնորդվում է բացառապես Բելառուսի իշխանությունների պաշտոնական հայտարարություններով՝ պետության ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առողջական վիճակի վերաբերյալ։ Նա ընդգծել է, որ Մինսկից պարոն Լուկաշենկոյի հիվանդության մասին որեւէ այլ հաղորդագրություն չի եղել, գրում է «Կոմերսանտը»։
«Պետք է առաջնորդվել պաշտոնական հաղորդագրություններով։ Նման պաշտոնական հաղորդագրություններ Մինսկից չեն եղել։ Եվ այստեղ մենք կարծում ենք, որ շատ կարեւոր է հիմք ընդունել պաշտոնական տեղեկատվությունը», - ասուլիսի ժամանակ ասել է Պեսկովը։ Նա նաեւ հավելել է, որ Կրեմլը ծանոթ է Լուկաշենկոյի առողջական վիճակի մասին ԶԼՄ-ների հաղորդագրություններին։
Ինչպես նշում է «Նաշա Նիվան», Բելառուսի նախագահը հիվանդ է «վիրուսային հիվանդությամբ»։ Ավելի ուշ Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը հաստատել էր Բելառուսի նախագահի հիվանդության մասին տեղեկությունը, սակայն նշել, որ «խոսքը կորոնավիրուսի մասին չէ»։ Զատուլինը նաեւ նշել էր, որ Ալեքսանդր Լուկաշենկոյի հիվանդության մեջ «արտասովոր ոչինչ չկա»։