Էկոնոմիկայի նախարարությունը հակասություններ չի տեսնում բեռնափոխադրումների մասին վրացական կողմի հայտարարություններում
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀայաստանի էկոնոմիկայի նախարարությունը պատճառ չի տեսնում հակադարձելու վրացական կողմի հայտարարություններին, թե Բաթումի- Նովոռոսիյսկ բեռնափոխադրումները կանոնավոր չեն։ Նախարարությունից «Ազատությանը» փոխանցել են՝ մինչ այս նավով երկու փորձնական բեռնափոխադրում է իրականացվել։
Դրանք նախատեսում են կանոնավոր դարձնել՝ շաբաթական մեկ անգամ չվերթով, հստակ ժամկետներ առայժմ չեն նշում։ Նախօրեին գերատեսչությունը հայտնեց՝ Բաթումի-Նովոռոսիյսկ նավային բեռնափոխադրման մեկնարկը տրված է։ Վրաստանից արձագանքեցին՝ այդ երկու չվերթները կանոնավոր չեն եղել։
Այսօր էլ Վրաստանի խորհրդարանի խոսնակն է հայտարարել՝ Ռուսաստանի հետ կանոնավոր ծովային հաղորդակցության վերսկսման մասին լուրերը պարզապես ֆեյք են։
Նախարարությունն, ըստ էության, վրացական կողմի և իրենց հայտարարություններում հակասություններ չի տեսնում։