Հայաստանը պատրաստ է երկխոսության՝ ԵԱՏՄ շրջանակներում գազի ընդհանուր շուկա ստեղծելու համար․ Փաշինյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայկական կողմը պատրաստ է կառուցողական երկխոսության՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գազի ընդհանուր շուկայի ստեղծման հարցում կոնսենսուսի հասնելու նպատակով: Այս մասին Մոսկվայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանի խոսքով՝ ազգային տնտեսությունների ներուժի ամրապնդումը պայմանավորված է էներգետիկ անվտանգության ապահովման գրագետ մոտեցմամբ. «ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի ժամանակին գործարկումը երկարաժամկետ հեռանկարում կնպաստի առեւտրի բարենպաստ եւ փոխշահավետ պայմանների ստեղծմանը եւ կապահովի միջազգային շուկայում միության անդամ պետությունների էներգետիկ անվտանգության եւ մրցունակության բարձրացումը: ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի զարգացման գործում կարեւոր դեր է խաղում նաեւ էներգետիկ անվտանգությունը։ Հայկական կողմը պատրաստ է կառուցողական երկխոսության՝ չկարգավորված հարցերի շուրջ կոնսենսուսի հասնելու նպատակով»։