Ճապոնիայի վարչապետը Կիմ Չեն Ընի հետ հանդիպելու հույս է հայտնել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՃապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան պատրաստ է հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Ես կոնկրետ առաջընթաց եմ ակնկալում այս հարցում», - ասել է Կիսիդան լրագրողների հետ զրույցում և հիշեցրել, որ Ճապոնիայի առևանգված քաղաքացիների հարցը լուծելու համար ինքը բազմիցս խոսել է առանց նախապայմանների Կիմ Չեն Ընի հետ անձամբ հանդիպելու իր ցանկության մասին։
Միևնույն ժամանակ Ճապոնիայի վարչապետը հրաժարվել է լրագրողներին ներկայացնել այս հարցի շուրջ Տոկիոյի և Փհենյանի միջև շփումների մանրամասները։
Նշենք, որ ԿԺԴՀ հետախուզական ծառայությունների կողմից ճապոնացիների առևանգման թեման ամենասուր հարցերից է դիվանագիտական կապեր չպահպանող այս պետությունների հարաբերություններում։ 2002 թվականին Փհենյանն առաջին անգամ ընդունեց Ճապոնիայի 13 քաղաքացու առևանգման փաստը և նրանցից հինգին թույլ տվեց վերադառնալ հայրենիք, մինչդեռ մյուսները մահացած հայտարարվեցին։ Նրանց աճյունները, որոնց իսկությունն այդպես էլ չի հաջողվել հաստատել, ուղարկվել են հարազատներին։
2014 թվականի մայիսին Ճապոնիայի և ԿԺԴՀ-ի կառավարությունները պայմանավորվեցին նոր հետաքննություն անցկացնել Ճապոնիայի քաղաքացիների առևանգումների վերաբերյալ, սակայն դրանում ներգրավված հանձնաժողովը հետագայում լուծարվեց Փհենյանի նախաձեռնությամբ: