Սեւանի ափին կստեղծվի առագաստանավային ակադեմիա, նաև հյուրանոցային համալիր
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԿառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 8-ի նիստում որոշեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատել «ԴԻ ԷԼ ԷՖ ԳՐՈՒՊ ԹՐԵՅԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
«ԴԻ ԷԼ ԷՖ ԳՐՈՒՊ ԹՐԵՅԴ» ընկերության կողմից ներմուծվող ապրանքները նախատեսվում է օգտագործել զբոսաշրջության ոլորտում։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել Սևանա լճի ազգային պարկի զարգացման ծրագիր, առագաստանավային ակադեմիայի ստեղծում, առագաստանավային ակումբի ստեղծում, ինչպես նաև հյուրանոցային համալիրի կառուցում։
Ծրագիրն իրականացվելու է ՀՀ Գեղարքունիքի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 2022 թվականին։
Արդեն իսկ իրականացվել է 49 մլն դրամի ներդրում։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 1․6 մլրդ դրամի ներդրում շինարարական աշխատանքների իրականացման և հիմնական միջոցների ձեռքբերման համար։
Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 67 նոր աշխատատեղ՝ մինչև 460 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 295 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 44․3 մլն դրամ: