Գեղամ Գևորգյանը Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ համապատասխան խորհրդի նիստում հանդես է եկել զեկույցով
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՄրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Սանկտ-Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի (МСАП) 54-րդ նիստին:
Հանձնաժողովից NEWS.am-ին հայտնում են, որ նիստի ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ կայացված որոշումների կատարման ընթացքի, հետագա համագործակցության ուղղությունների, հակամենաշնորհային կոմպլաենսի միջոցով մրցակցային մարմինների գործունեության արդյունավետության բարձրացման, հակամրցակցային և մրցակցությունը սահմանափակող այլ համաձայնությունների արդյունքում պետությանը հասցված վնասի դատական կարգով վերականգնման և օրակարգային այլ թեմաների վերաբերյալ:
ՄՊՀ նախագահը հանդես է եկել ընթացիկ ժամանակահատվածում ՀՀ-ում մրցակցային քաղաքականության ոլորտում տեղի ունեցած առավել նշանակալի իրադարձությունների վերաբերյալ զեկույցով:
Իր խոսքում Գեղամ Գևորգյանը շնորհավորել է մասնակիցներին ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի շրջանակում համատեղ գործունեության 30-ամյակի առթիվ՝ ընդգծելով, որ խորհուրդն ապահովել է պայմաններ ԱՊՀ տարածքում արդար ու բարեխղիճ մրցակցության համար և ամրապնդել մասնակից պետությունների մրցակցային գերատեսչությունների համագործակցությունը: Զեկույցում մասնավորապես անդրադարձ է կատարվել զեղչերի և այլ ակցիաների նոր կարգավորումներին և դրանց կիրարկման արդյունքներին, էլեկտրոնային առևտրի և աջակցող միջոցների ոլորտներում իրականացված ուսումնասիրություններին, իրավակիրառ գործունեության շրջանակում հարուցված առավել ուշագրավ վարույթներին: