Նիկոլ Փաշինյանը հրահանգել է հանդիպումների ժամանակ հավաքել հեռախոսներն ու «խելացի ժամացույցները». «Ժողովուրդ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումներն իսկական փորձություն եւ գլխացավանք են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների համար:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ամեն անգամ, երբ իշխող ֆրակցիայի պատգամավորները հանդիպում են Նիկոլ Փաշինյանի հետ, նիստ են անում, վարչապետի անվտանգության աշխատակիցները պահանջում են, որ պատգամավորների հեռախոսները եւ «խելացի» ժամացույցները հավաքվեն:
Հավանաբար, Փաշինյանն այնքան է երկյուղում, որ անգամ չի վստահում իր թիմակիցներին:
«Ժողովուրդ» օրաթերթի այս լուրը հաստատեց նաեւ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ պարզաբանելով. «Այո՛, նիստերից առաջ պատգամավորների հեռախոսները հավաքում են: Եթե ժամացույց ասելով՝ նկատի ունեք «խելացի» ժամացույցները, այո՛, դրանք էլ են հավաքում»: Աղազարյանը բացատրեց, որ ԱԺ պատգամավորներից հեռախոսները հավաքելու պատճառն այն է, որ «նրանք չշեղվեն, կենտրոնանան նիստում քննարկվող հարցերին եւ «Տիկ-Տոկ» չմտնեն»:
Փաստորեն, ՔՊ-ականները, ըստ ՔՊ խմբակցության պատգամավորի, «Տիկ-Տոկ» ժամանցային հարթակի սիրահարներ են ու անգամ վարչապետի հետ հանդիպումների ժամանակ են մտնում: Իսկ իրականում պարզ է, որ, բացի «Տիկ-Տոկ»-ից, Նիկոլ Փաշինյանը չի վստահում սեփական թիմին, եւ իշխանական պատգամավորները ստուգվում են հանդիպումներից առաջ ոտքից-գլուխ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում