Վերաքննիչ դատարանը Գրիգորի Խաչատուրովի կալանքի հարցը քննելու է բանավոր ընթացակարգով՝ հուլիսի 7-ին
ԻՐԱՎՈՒՆՔՎերաքննիչ դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սերգեյ Մարաբյանի, 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի կալանքի հարցը քննելու է բանավոր ընթացակարգով՝ հուլիսի 7-ին: Այս մասին այսօր՝ հունիսի 23-ին, NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց նրա փաստաբան Հակոբ Ենոքյանը:
Ենոքյանն ասաց, որ գրավոր ընթացակարգով պետք է քննվեր վերաքննիչ բողոքը, եւ որոշումը հրապարակվեր հունիսի 22-ին, սակայն որոշվել է, որ Վերաքննիչ դատարանը Գրիգորի Խաչատուրովի կալանքի դեմ վերաքննիչ բողոքը պետք է քննի բանավոր ընթացակարգով:
Հիշեցնենք, որ Գրիգորի Խաչատուրովը կալանավորվել է մարտի 16-ին: Նա մեղադրվում է փողերի լվացման մեջ:
Հիշեցնենք, որ վարույթի շրջանակում մեղադրանք է ներկայացվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 3 դրվագ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում եւ պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ)
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Մանուկ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ),իսկ ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովին` ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով եւ պաշտոնեական դիրքն օգտագործելով)։
Մեղադրանք է ներկայացվել նաեւ «Մոսթոն Ինժիներինգ» ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 325-րդ հոդվածի 1-ին մասով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն եւ փաստաթղթի կեղծում) եւ եւս 9 անձի: