Երևան-Բաթում-Երևան երթուղով միջազգային գնացքի երթևեկը վերականգնվել է. ՀԿԵ
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԵրևան-Բաթում-Երևան միջազգային գնացքի երթուղին, որը խաթարվել էր հուլիսի 2-ն սողանքի հետևանքով, վերականգնվել է։ Չնայած նրան, որ Վրացական երկաթուղու վնասված հատվածով երթևեկությունը վերականգնվել է սահմանափակ ռեժիմով, վրացական կողմը համաձայնեցրել է միջազգային գնացքի երթևեկը Երևանից մինչև Բաթում։ Այդ մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀԿԵ-ից:
Առաջիկա օրերին միջազգային գնացքների չվացուցակը փոփոխություն չի կրի, սակայն քննարկվում է ապագայում դրա վերանայման հարցը։
«Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը հայցում է ուղևորների ներողամտությունը և հիշեցնում, որ տվյալ իրավիճակը պայմանավորված է վերջին ամիսներին Հայաստանում ու Վրաստանում առկա եղանակային բարդ պայմաններով։ Վերջերս սողանքային իրավիճակ էր առաջացել նաև Հայաստանի հյուսիսում, երբ սելավը հունիսի 6-7-ն վնասել էր երկաթուղին Ալավերդու մոտակայքում։
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին Վրաստանի կենտրոնական շրջաններից մեկում տեղի ունեցած սողանքի հետևանքով վնասվել էր Թբիլիսին սևծովյան շրջանների հետ կապող երկաթգիծը, ինչի պատճառով դադարեցվել է ուղևորատար գնացքների շարժը Թբիլիսիի և Բաթումիի միջև։ Դրանով պայմանավորված՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մարդատար գնացքը, որը գործում է Երևան-Բաթում-Երևան երթուղով, ժամանակավոր գործում էր մինչև Թբիլիսի։