Ավստրալիան հայտարարել է ՌԴ եւ Բելառուսի քաղաքացիների եւ կազմակերպությունների դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱվստրալիայի կառավարությունը նոր պատժամիջոցներ է մտցնում ռուսական 15 կազմակերպությունների եւ Ռուսաստանի ու Բելառուսի 10 քաղաքացիների դեմ։ Այս մասին հայտարարել է Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Փենի Վոնգը։
Նախարարի հայտարարությունում նշվել է, որ պատժամիջոցներ են կիրառվելու «35 ձեռնարկությունների դեմ պաշտպանական, տեխնոլոգիական եւ էներգետիկ ոլորտներից, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ Բելառուսի 10 քաղաքացիների դեմ»։ Վոնգը նշել է, որ այս որոշումն ընդունվել է միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցությամբ եւ ուղղված է նրանց վրա առավելագույն ճնշում գորադրելուն, ովքեր աջակցում են «Ռուսաստանի ներխուժմանն Ուկրաինա»։ Նա նաեւ նշել է, որ պատժամիջոցները վերաբերելու են այն ձեռնարկություններին, որոնք կարեւոր տնտեսական եւ ռազմավարական նշանակություն ունեն Ռուսաստանի համար։
ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ նոր պատժացուցակում ներառված են այն ընկերությունները, որոնք առաջավոր տեխնոլոգիաներ, էլեկտրոնիկա եւ սարքավորումներ են մատակարարում ՌԴ Զինված ուժերի համար, ինչպես նաեւ այն կազմակերություններին, որոնք զբաղվում են ատոմային էներգետիկայով եւ արկտիկական ռեսուրսների արդյունահանմամբ։ Ֆինանսական սահմանափակումներ կկիրառվեն ՌԴ առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովի, փոխվարչապետ Դմիտրի Չեռնիշենկոյի, ՌԴ մարդու իրավունքների լիազոր Տատյանա Մոսկալկովայի, Դաշնության խորհրդի առաջին փոխնախագահ Անդրեյ Տուրչակի, ինչպես նաեւ «Կալաշնիկով» կոնցեռնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Լեպինի եւ «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինիգի գլխավոր տնօրեն Նիկոլայ Կոլեսովի դեմ։
2014թ. մարտից Ավստրալիայի կառավարությունն արդեն ավելի քան 25 անգամ հայտարարել է հակառուսական սահմանափակումների մասին։ Կանբերայի պատժացուցակում ընդգրկված են ՌԴ ավելի քան 1,1 հազար քաղաքացի եւ ավելի քան 300 ձեռնարկություն։ Ռուսաստանի հետ առեւտրային հարաբերությունները լիովին դադարեցված են, սեւ ցուցակում հայտնված անձանց ակտիվները սառեցված են, իսկ ազգային կազմակերպություններին արգելված է համագործակցել պատժամիջոցների տակ գտնվող ընկերությունների հետ։