«Ժողովուրդ». Ինչու է հայաստանյան դեղատներում մեծ պահանջարկ ունեցող դեղերի դեֆիցիտ առաջանում
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանյան դեղատներում ժամանակ առ ժամանակ մեծ պահանջարկ ունեցող եւ մարդկանց առողջության համար խիստ անհրաժեշտ դեղերի դեֆիցիտ է առաջանում: Ընդ որում, այդ դեղերի բացակայությունը կարող է տեւել ավելի քան մեկ ամիս:
Տեւական ժամանակ է, ինչ հայաստանյան դեղատներում չկա «Ինդոմետացին» կոչվող դեղահաբը: Այս մասին նույնիսկ «Ժողովուրդ» օրաթերթը պարբերաբար հեռախոսազանգեր է ստանում այն քաղաքացիներից, որոնք միշտ օգտագործում են նշված դեղամիջոցը:
Նշենք, որ «Ինդոմետացինը» հակաբորբոքային, ցավազրկող դեղ է, այն ավելի շատ օգտագործում են հոդերի բորբոքում ունեցող հիվանդները: Դեղատներում քաղաքացիներին դեղի չլինելը պատճառաբանում են, որ այլեւս չի արտադրվելու:
Սակայն ՀՀ առողջապահության նախարարությունից «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ ընկերությունը չի դադարեցրել դեղի արտադրությունը. Ընդամենը ՀՀ-ում դեղի գրանցման ժամկետն է ավարտվել, եւ ներմուծող ընկերությունները հայտ են ներկայացրել այն կրկին ներկրելու նպատակով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում