ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը որոշել է ակտիվանալ եւ փորձել վերականգնել իր դրական իմիջը. «Ժողովուրդ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը թեեւ ցանկանում է առավել ակտիվ գործունեությամբ զբաղվել, բայց չի ստացվում: Մեր տեղեկություններով՝ իր ցանկությունների մասին նա պարբերաբար բարձրաձայնել է իր հանդիպումների ժամանակ, նեղսրտել հաճախ իր հասցեին հնչող քննադատությունների համար, որ չի խառնվում ներքաղաքական հարցերին:
Միեւնույն ժամանակ, նա իր աշխատակիցներին բացատրել է, որ չի կարողանա ակտիվանալ որպես ՀՀ նախագահ, քանի որ փոքր լիազորություններ ունի, եւ ցանկության դեպքում էլ բան չի կարող անել։ Ամեն դեպքում, քանի որ իր շրջապատում եղել են կարծիքներ, տեսակետներ, թե նա մարդկանց աչքից ընկել է նախագահ դառնալուց հետո, քանի որ այլեւս ոչինչ չի անում, որոշել է ակտիվանալ եւ փորձել վերականգնել իր դրական իմիջը։ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս տեղեկությունները ճշտել Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, որտեղից մեզ հայտնեցին. «Հանրապետության նախագահն իր գործունեության մեջ առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ ամբողջ ծավալով իրականացնում է իր սահմանադրական լիազորությունները»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում