Թայվանում չորս մարդ զոհվել է «Կանուն» թայֆունի պատճառով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱռնվազն չորս մարդ զոհվել, եւս երկուսը վնասվածքներ է ստացել Թայվանում ճանապարհատրանսպորտային պատահարից, որն առաջացել էր «Կանուն» թայֆունով պայմանավորված եղանակային բարդ պայմանների պատճառով, տեղեկացրել է «Թայբեյ Շիբաո» թերթը։
Թերթի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 3-ին, տեղի ժամանակով ժամը մոտ 12.00-ին, երբ կղզու Taiwan Power պետական էլեկտրաէներգետիկական ընկերության կապալառուի ինժեներաշինարարական մեքենան նեղ լեռնային ճանապարհի շրջադարձի վրա ընկել էր ձորը։ Վթարի ենթադրվող պատճառը փխրուն հողն ու սայթաքուն ճանապարհն են եղել. դա թայֆունի առաջացրած հորդառատ անձրեւների հետեւանքն էր։
Պատահարի վայր եկած փրկարարները հայտնաբերել են մահացած չորս մարդու, եւս երկու հոգի վնասվածքներ է ստացել։ Ինչպես հայտարարել է Taiwan Power-ը, մեքենայում ընկերության աշխատողներն էին։ Ընկերությունը նաեւ կապալառուին հայտնել է, որ թայֆունի պատճառով բոլոր աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են։
Վթարի պատճառները պարզվում են, վարվում է հետաքննություն։
Օգոստոսի 4-ի գիշերը թայֆունն ամենից մոտ էր Թայվանին։ Սպասվում է, որ այն ուղղությունը կփոխի եւ կհեռանա կղզուց հյուսիս-արեւելք։ Ներկայում քամու արագությունը թայֆունի կենտրոնական մասում կազմում է մոտ 35 մ/վրկ՝ պոռթկումների ժամանակ՝ 50 մ/վրկ։