Բաց նամակ Մագնուս Կարլսենին պաշարված Ստեփանակերտից
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐKavkaz-uzel.eu-ն գրում է.
«Հարգելի Մագնուս Կառլսեն, ես միշտ հարգել եմ ոչ միայն Ձեր չեմպիոնական խաղը, այլ նաև այն մարդու բնավորությունը, ում համար խաղում հաղթելն այնքան կարևոր չէ, որքան նորմալ մարդկային պահվածքը։ Ես կարող եմ օրինակներ բերել, բայց Դուք ինձնից լավ գիտեք դրանք։ Հարց ունեմ. Բաքվում լա՞վ եք սնվում:
Ես Դավիթն եմ, ապրում եմ Ստեփանակերտում, որն արդեն 8 ամիս ամբողջությամբ արգելափակված է Ադրբեջանի կողմից։ Դուք գիտեք, թե ինչ է նշանակում շախմատային զիվորի շրջափակումը, բայց պատկերացրեք, որ ոչ թե մեկ զինվոր է արգելափակված, այլ 120 հազար հայ մարդ։ Մեկ անգամ չէ, որ խաղացել եք Լևոն Արոնյանի հետ, և գիտեք, որ հայերը նույն մարդիկ են, ինչպես աշխարհի բոլոր մարդիկ։
Եվ արդեն 8 ամիս է, ինչ Լեռնային Ղարաբաղի հայությունը զրկված է այն ամենից, ինչը կապված է մարդկային քաղաքակրթության հետ։ Դրա համար էլ հարցնում եմ. Բաքվի ընթրիքի սեղանին հաց ուտելիս մի՞ թե հացը կոկորդիդ չի մնում։
Երեկ սովից մարդ է մահացել, նորածին երեխաները զրկված են մանկական սննդից, դեղատներում ու հիվանդանոցներում դեղեր չկան։ Մենք չունենք լույս, գազ, սուրճ, շաքարավազ, ծխախոտ, ոչինչ, և այս ամենն այն պատճառով, որ Ադրբեջանն ապօրինի փակել է Լաչինի միջանցքը և զրկել մեզ աշխարհի հետ կապից։
Միջազգային դատարանը վճիռ է կայացրել ճանապարհի ապօրինի փակման մասին և պահանջել Ադրբեջանից բացել դեպի Հայաստան ճանապարհը, բայց Բաքվում դատարանի այս որոշումն անտեսում են։ Նրանց թիկունքում ուժն է, և նրանք թքած ունեն միջազգային դատարանի ու մարդկային նորմերի վրա։
Իսկ Դու՞ք: Ձեզ չի՞ հետաքրքրում այն, որ մարդիկ սովամահ են լինում։ Թե՞ դու էլ ես կորցրել մարդասիրությունը։ Որքա՞ն Դուք կշահեք այնտեղ, եթե չեմպիոն դառնաք։ Արդյո՞ք այդ փողը ձեզ համար ավելի կարևոր է, քան ձեր մարդկային դեմքը:
Դուք կարող եք խաղին ներկայանալ «բացեք Լաչինի միջանցքը» գրությամբ պաստառով, և դա մահացու ձախողում կլինի Ադրբեջանի համար, կամ կարող եք պարզապես հեռանալ: Մասնակցելով Բաքվի մրցաշարին Դուք շարունակում եք աջակցել ֆաշիստական ռեժիմին, Դուք կորցնում եք ձեր երկրպագուների հարգանքը։
Հուսով եմ, որ այս նամակը կթարգմանվի նորվեգերեն, և դուք կկարդաք այն:
Հարգանքներով Դավիթ Սիմոնյան Ստեփանակերտից»
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը