Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը
ԻՐԱՎՈՒՆՔՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր կայացված որոշմամբ մասնակի բեկանել է դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։ Տեղեկությունը հայտնել են նրա փաստաբաններ Երվանդ Վարոսյանն ու Լուսինե Սահակյանը։
«Ընտրված խափանման միջոցը փոփոխվել է, որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը, որն անընդունելի է։ Կայացված որոշման դեմ ներկայացնելու ենք վճռաբեկ բողոք, Սերգեյ Սմբատյանի նկատմամբ առհասարակ որևէ խափանման միջոցի կիրառումն ապօրինի է և անհիմն»,– ասված է հայտարարությունում։
Հիշեցնենք, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, գործարար Արման Պետրոսյանը մեղադրվում են առանձնապես խոշոր չափերի խարդախության, իսկ Սերգեյ Սմբատյանի հայրը՝ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը՝ այն կազմակերպելու մեջ: