ՀՀ եւ ՌԴ նախարարները հավանություն են տվել ԵԱՏՄ զբոսաշրջության ամենամյա համաժողովի գաղափարին
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԵվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում օգոստոսի 25-ին տեղի է ունեցել գործնական նախաճաշ Հայաստանի եւ Ռուսաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի եւ ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովի մասնակցությամբ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Էկոնոմիկայի նախարարությունից։
«Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրաշրջանառությունը դինամիկ աճում է եւ առաջին յոթ ամիսների համար կազմել է 3,7 մլրդ դոլար, որից 2 մլրդը Հայաստանից արտահանում է, իսկ 1,7 մլրդը Ռուսաստանից ներմուծումն է, ինչը 70 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշները։ Մենք տեսնում ենք, որ մեր հնարավորություններն ավելին են, եւ մտադիր ենք էլ ավելի զարգացնել մեր համագործակցությունը տնտեսության տարբեր ճյուղերում»,- իր խոսքում նշել է Վահան Քերոբյանը։
Մաքսիմ Ռեշետնիկովը նշել է, որ այսօր Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ աճում է ոչ միայն առեւտուրը, այլեւ փոխադարձ ներդրումները եւ հետաքրքրությունները․
«Բիզնեսը, հավանաբար, ամենից լավ հասկանում է բացված հնարավորությունների պատուհանը, հատկապես հաշվի առնելով ռուսական եւ հայկական բիզնեսի երկար ու խորը կապերը», -հավելել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարը։