«Ճանաչելով Արցախը Ադրբեջանի մաս՝ Փաշինյանը լեգիտիմացրեց Արցախի տոտալ շրջափակումը». «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
«Նիկոլի հայտարարություններին լուրջ վերաբերվելն ավելորդություն եմ համարում». այսպես է քաղաքագետ Գագիկ Համբարյանը մեկնաբանում Ադրբեջանի՝ Լաչինի միջանցքը միակողմանի բացելու վերաբերյալ Փաշինյանի ունեցած տեղեկությունները:
«Նույն հայտարարությունն անելուց հետո ասում է՝ պետք է շարժվենք խաղաղության օրակարգով, այսինքն՝ մեզ ցեղասպանում են, մենք խաղաղություն ենք մուրում մեզ ցեղասպանողից: Ճանապարհը միակողմանի բացելու ցանկությունն Ադրբեջանը չի էլ թաքցնում: Պաշտոնական Բաքուն իր կողմից վերահսկվող լրատվամիջոցներով պարզ ասում է՝ Արցախում բնակվող այն հայերը, որոնք պաչեցին թուրքի ոտքը և ստացան Ադրբեջանի քաղաքացիություն, իրավունք կստանան ապրել «Ղարաբաղի տարածաշրջանում»:Հայերը, որոնք համաձայն չեն, թող Հայաստան գնան, ճանապարհը բաց է: Նիկոլը նոր բան չի հնարել, բայց խնդիրն ավելի խորն է: Իսկ ո՞վ է Ադրբեջանին օգնում արցախահայությանը ցեղասպանության ենթարկելու անպատվաբեր գործում: Այո, ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն իր կատարած քայլերով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Համբարյանը:
Քաղաքագետը վստահ է՝ պատահական չէր Պրահայում Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը: «Դիտավորյալ ճանաչելով Արցախը որպես Ադրբեջանի մաս՝ լեգիտիմացրեց Արցախի տոտալ շրջափակումը Ադրբեջանի կողմից և ապահովեց հայերի բռնագաղթի օրինականացումն Ադրբեջանի համար: Միջազգային հանրություն կոչվածը տրամաբանական և պարզ հարցեր է տալիս: Անընդհատ կառչում ենք սրա-նրա փեշից և օգնություն աղերսում: Գիտե՞ք, թե ինչու օգնություն չկա: Այն կենտրոնները, որոնք պետք է օգնեին հայերին, ասում են՝ ձեր ղեկավարը ճանաչել է Արցախն Ադրբեջանի մաս, մեզանից ի՞նչ եք ուզում: Ասում եք՝ արցախահայությունը ենթարկվում է ցեղասպանության, Երևանի ցոփ ու շվայտ տաշի-տուշիներն ինչպե՞ս եք մեկնաբանում»,-նշում է մեր զրուցակիցը:
Թվարկում է, իր կարծիքով, Ադրբեջանի հետագա քայլերը: «Նախ՝ կբացվի Աղդամ-Ասկերան ճանապարհը, ենթադրաբար դրանից մեկ-երկու օր հետո՝ Բերձորի ճանապարհը, բայց ադրբեջանական կողմի պահանջով բոլոր կարևորագույն բեռներն Արցախ կմտնեն առաջին ճանապարհով: Երկրորդ փուլը կլինի Ադրբեջանի պահանջը, հիմնվելով Փաշինյանի հայտարարության վրա, որ արցախահայերը ստանան Ադրբեջանի անձնագրեր: Սա ամբողջությամբ տեղավորվում է Ալիև-Նիկոլ տանդեմի՝ արցախահայության դեմ գործած հանցագործությունների շարքում: Փաշինյանն, Արցախը ճանաչելով Ադրբեջանի կազմում, քարտբլանշը տալիս է Բաքվի ձեռքը և ասում՝ այդ տարածքում ապրող մարդիկ քո քաղաքացիներն են: Ումի՞ց ի՞նչ ենք պահանջում: Դավաճանը նստած է Երևանում: Հայ ժողովուրդը որևէ մեկից իրավունք չունի որևէ բան պահանջելու: Հարցը Ռուսաստանը, Արևմուտքը կամ Իրանը չեն: Մեզ երևակայում ենք շատ ճարպիկ և փորձում սրա-նրա ձեռքով մեր հարցերը լուծել, այս ընթացքում արցախահայության խնդիրները մի կողմ դրած՝ զբաղված ենք քեֆ-ուրախություններով: Մեզ համար ոչ ոք ոչինչ չի անելու: Մնալու ենք այն վիճակում, որում կանք, որովհետև մեր իշխանություններն են այս ամենի հեղինակը: Հայաստանի բոլոր խնդիրների հեղինակը նստած է Բաղրամյան 26-ում և աշխատանքի է գնում Հանրապետության հրապարակ՝ կառավարության շենք: Եթե սա հասկացանք, ավել ի հեշտ դուրս կգանք այս վիճակից»,-ընդգծում է Համբարյանը:
Քաղաքագետը կարծիք է հայտնում, որ միջազգային հանրությունը չի փոխվել Հայոց ցեղասպանությունից ի վեր: Դրա ներկայացուցիչները Փարիզի, Լոնդոնի, Վաշինգտոնի և մյուս քաղաքների ժամանցի վայրերում իրենց կյանքն էին վայելում, երբ Օսմանյան Կայսրությունում տեղի էր ունենում բնիկ հայ ժողովրդի ցեղասպանություն: «Միջազգային հանրությունը պետք է վատացնի՞ Ադրբեջանի և Թուրքիայի հետ իր հարաբերություններն այն դեպքում, երբ Փաշինյանն Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս: Մեր խնդիրն այդ «գեղցի» ճարպկությունն է, մտածում ենք, որ մեր բոլոր խնդիրները գցենք սրա-նրա գրպա նը, դարձնենք գլխա ց ա վ ա ն ք ուրիշների համար և կարծում, որ գերտերությունների և կայսրությունների պատմություններ ունեցող պետությունները սա չե՞ն հասկանում: Միջազգային հանրությունն ի՞նչ անի, երբ Փաշինյանը հայ ժողովրդի և Մինսկի խմբի համանախագահ երկրների թիկունքում ընդունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և դրանում տեսնում նաև Արցախը»,-նշում է նա:
Համբարյանը հավելում է՝ հայ ժողովուրդը պետք է հասկանա, որ Արցախը հայտնվել է բլոկադայի մեջ, որովհետև Փաշինյանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: «Շատ դեպքերում միջազգային հանրությունը կոնկրետ քայլեր չի կարող կատարել, որովհետև Ադրբեջանը վաղը Փարիզին, Մոսկվային կամ Վաշինգտոնին կասի՝ եթե Նիկոլ Փաշինյանին այդ ամենը ձեռնտու է, ինչո՞ւ եք ձեզ հայից ավելի հայ երևակայում: Միջազգային հանրությունը մեզ համար ոչինչ չի անելու, որովհետև դավաճանը, հակահայը նստած է Երևանում, Արցախը բլոկադայի ու ցեղասպանության ենթարկողն իր թիմով ՀՀ իշխանությունն է և վերջ»,-ասում է մեր զրուցակիցը:
Արցախը դիմադրում է, կարծիք է հնչում, որ հենց դա թույլ չի տալիս բանավոր ասված հայտարարություններն ամրագրել թղթի վրա: «Մեծ հույսեր չունեմ, որ այդ դիմադրությունն է խանգարում Ալիև-Նիկոլ տանդեմին վերջնականապես Արցախն արդեն թղթի վրա ճանաչել Ադրբեջանի մաս: Ադրբեջանը մաքսիմալիստական պահանջներ է ներկայացնում Հայաստանին, և Նիկոլը հասկանում է, որ այն բոլոր նախապայմանները, որոնք դրված են ադրբեջանա-թուրքական տանդեմի կողմից Հայաստանի դեմ, հինգից տասը տարվա ընթացքում ՀՀ 3-րդ Հանրապետության կործանման և ներկայիս Հայաստանի տարածքում հայ ժողովրդի փոքրամասնություն դառնալու պատճառ են հանդիսանալու: Լսե՞լ եք, որ ՀՀ իշխանությունները հերքեն ադրբեջանական ԶԼՄ-ների լուրերը, որոնց համաձայն, Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանում «վերաբնակեցնել» 130 հազար ադրբեջանցու: Այնտեղ կառավարության մակարդակով ստեղծվել են հանձնաժողովներ, որոնք զբաղվելու են մեր երկրում ադրբեջանցիների բնակեցման հարցերով:
Տարածքներն էլ են նշված՝ Գյումրի, Վանաձոր, Կապան, Գորիս, Սպիտակ, Մասիս, Սոթք և այլն: Այդ տարածքների բնակիչները գիտե՞ն, որ թուրքերը գալու են Հայաստան: Ադրբեջանական իշխանությունները հովանավորելու են «վերաբնակեցված» ադրբեջանցիներին, որ նրանք փոխեն Հայաստանի ժողովրդագրական պատկերը: Խաղաղության պայմանագրի հիմքում ՀՀ 3-րդ հանրապետության կործանման սկիզբն է: Փաշինյանը հինգ տարի, բայց հատկապես 44օրյա պատերազմից հետո զբաղված է 3-րդ հանրապետության կործանումով»,ասում է մեր զրուցակիցը: Հավելում է՝ խնդիրներ կան նաև աշխարհաքաղաքական կենտրոնների դիրքորոշման հետ: Նրա խոսքով, Փաշինյանը հասկանում է, որ կտրուկ շարժումները կարող են նաև կտրուկ հակադարձության պատճառ դառնալ իր անձի հանդեպ:
«Ոչ խելացի, բայց յուրահատուկ աշակերտ լինելով՝ նա ամեն ինչ անում է քայլ առ քայլ: Բրյուսելից ու Վաշինգտոնից ֆաքսով ստանում է իր օրվա պլանը: 44-օրյա պատերազմը նպատակ ուներ ամբողջ Արցախը հանձնել Ադրբեջանին, դրանում մեղադրել Ռուսաստանին և դուրս բերել նրան տարածաշրջանից: Չստացվեց, ՌԴ-ն կատարեց քայլ ձիով՝ տեղակայեց խաղաղապահների: Ասել էի, որ ամեն ինչ անելու է ռուս խաղաղապահներին և ՌԴ-ին որպես Հայաստանի ռազմավարական գործընկեր վարկաբեկելու համար, ինչը հիանալի անում է: Արցախահայության ներկա վիճակն ինձ ցավ է պատճառում, բայց իրենք իրենց պետք է մեղադրեն այս վիճակում հայտնվելու համար: Պատերազմից հետո հանդուրժե՞լ Արայիկ, դա անտրամաբանության վերջն էր ինձ համար: Արցախահայությունը պետք է իմանա, որ իր վիճակի թիվ մեկ մեղավորը և պատասխանատուն ոչ միայն Նիկոլն է, այլև Արայիկը: Արցախում հնարավոր չէր իրականացնել այս հակահայկական ծրագրերը, եթե թշնամին ներսից չլիներ, ինչպես Հայաստանում է թշնամին ներսից»,-եզրափակում է Գագիկ Համբարյանը:
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում