Արցախի հայաթափման ծրագրում Ադրբեջանն արդեն անցել է նոր մարտավարության
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱրցախի հայաթափման ծրագրում Ադրբեջանն արդեն անցել է նոր մարտավարության։ Երեկ Հակարիի կամրջում, հենց ռուս խաղաղապահների աչքի առջև առևանգել են 3 հայ երիտասարդների՝ Ալեն Սարգսյանին, Լևոն Գրիգորյանին և Վահե Հովսեփյանին։ Ադրբեջանցիները նույնիսկ 2021 թվականի մի տեսանյութ էին գտել, որտեղ «Մարտունի-Ավո» թիմի ֆուտբոլիստները ոտքերը մաքրում են Ադրբեջանի դրոշի վրա։ Անձնագրերն ադրբեջանցի սահմանապահներին հանձնած երիտասարդներին՝ ուժով տարել են հարցաքննության, ապա և ձերբակալել։
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, թե նրանց վարչական կալանքի են ենթարկելու 10 օրով, ապա վտարելու են Հայաստան, ընդ որում ադրբեջանցիները նշել են, որ այդ երիտասարդներն այլևս երբեք հնարավորություն չեն ունենալու վերադառնալ Արցախ, քանի որ իբր ոտնձգություն են կատարել Ադրբեջանի դրոշի նկատմամբ։ Հակարիի կամրջից արդեն ադրբեջանցիներն ավելի վաղ առևանգել են նաև տարեց մի տղամարդու՝ Վագիֆ Խաչատրյանին, որի դեմ կեղծ քրեական գործ են հարուցել։
Այսօր արդեն երիտասարդների առևանգումը վկայում է, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է արցախցիներին ահաբեկելու համար։ Բնական է, որ ադրբեջանցիների նկատմամբ Արցախում կա ահռելի մեծ թշնամական վերաբերմունք և գրեթե յուրաքանչյուրի նկատմամբ էլ հնարավոր է որևէ քրեական կամ վարչական վարույթ հարուցել՝ նրանց հետագայում արգելելով վերադառնալ իրենց ծննդավայր։
Դեռ անցած շաբաթ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե հավաստի տեղեկություններ ունեն, որ Ադրբեջանը պատրաստվում է միակողմանի բացել Լաչինի ճանապարհը, թույլ տալ դուրս գալ Արցախից, սակայն արգելելով հետ վերադառնալ, ինչն, ըստ էության, նշանակում է Արցախի լիակատար հայաթափում։ Բնականաբար տասնյակ հազարավոր մարդիկ չեն ցանկանա մնալ Արցախում, շատերն էլ, ովքեր չեն համաձայնվի դուրս գալ Արցախից, արժանանալու են Ադրբեջանի չափազանց կոշտ վերաբերմունքին, վտանգվելու է նրանց կյանքը և առողջությունը։
Նարինե Մանուկյան