Տեղի է ունեցել Ուլյանովսկի հայկական եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը
ՄՇԱԿՈՒՅԹՕգոստոսի 26-ին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս արք. Ներսիսյանը մեկնել է Ուլյանովսկ քաղաք՝ հանդիսապետելու նորակառույց հայկական եկեղեցու օծման արարողությունը:
Երկօրյա հովվական այցի շրջանակում թեմակալ առաջնորդին հյուրընկալել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու Սիմբիրսկի և Նովոսպասկի միտրոպոլիտ Լոնգինը: Հանդիպման ավարտին Եզրաս սրբազանը միտրոպոլիտին նվիրել է Այվազովսկու հոգևոր թեմաներով գիրք-ալբոմը և «Հայկական եկեղեցին» պատմական նյութերով պատկերագիրքը:
Նույն օրը երեկոյան կատարվել է Ուլյանովսկի նորակառույց հայկական եկեղեցու նավակատիքը: Օծվել են եկեղեցու գմբեթի խաչերը, զանգակատան զանգերը, բակում տեղադրված խաչքարը: Դռնբացեքի արարողությունից հետո հոգևոր դասը ջրով և գինով լվացել, ապա սրբալույս մյուռոնով օծել են 16 սյուները, մկրտության ավազանը, սրբապատկերները:
Օգոստոսի 27-ին տեղի է ունեցել եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը։ Օծման արարողությանը ներկա են գտնվել մարզային և քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, Հայաստանի և Ռուսաստանի տարբեր քաղաքներից ժամանած հայեր:
Ուլյանովսկի հայկական եկեղեցին կառուցվել է եկեղեցու ատենապետ Ազատ Աթայանի անմիջական նախաձեռնությամբ ու օգնությամբ։
Եկեղեցու ատենապետ Ազատ Աթայանը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով արժանացել է Հայ Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բարձրագույն շքանշանի:
Ուլյանովսկի կենտրոնում տեղակայված հայկական եկեղեցին ունի 24 մետր բարձրություն, կառուցվել է Հայաստանից բերված ծիրանագույն տուֆով։
Տոնախմբության մասնակիցները առիթ ունեցան խոնարհվելու Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքին, որը Եզրաս սրբազանը տոնական օրվա առիթով բերել էր Մոսկվայի հայկական եկեղեցուց: