«Սատանովսկին պատմել է, թե ինչ է սպասվում Հայաստանին Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելուց հետո»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐInfox.ru-ն գրում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ-ի «խաղաղապահ» ներուժի վրա հույս դնելով շարունակում է Ռուսաստանից հեռանալու իր քաղաքական կուրսը։ «Քանի որ այդ խնդիրները (Լաչինի միջանցքի փակման հետ կապված) առկա են, ապա ռուս խաղաղապահները չեն կատարել իրենց խնդիրը։ Բայց ես չեմ կարող ասել, որ եթե ռուս խաղաղապահները չլինեին ԼՂ-ում, այժմ իրավիճակն ավելի լավ կլիներ»,- ասել է Փաշինյանը։ Նա հավելել է, որ իրավիճակը Ղարաբաղում շարունակում է մնալ ծանր։ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանն այլևս չի կարող հույսը դնել Մոսկվայի վրա որպես իր անվտանգության երաշխավոր։
Մերձավոր Արևելքի ինստիտուտի տնօրեն Եվգենի Սատանովսկին Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների սառեցման վերաբերյալ մեկնաբանության մեջ նշել է, որ մոտ ապագայում ղարաբաղցի հայերին սպասվում է քիչ նախանձելի ճակատագիր։ Նրանց ընտրությունը բաղկացած է երկու տարբերակից, կամ հեռանալ ցանկացած վայր, կամ ասիմիլացվել Ադրբեջանում կամ Թուրքիայում։
Սատանովսկին իր բլոգում գրել է, որ ներկայիս վարչապետի դեպքում «շուտով Հայաստանը որպես պետություն չի լինի», և դրա համար ավանդաբար մեղադրելու են Ռուսաստանին։
«Նիկոլ Փաշինյանն օրինական ընտրված վարչապետն է՝ չնայած Ղարաբաղյան պատերազմում երկրի պարտությանը։ Ինչ պետք է տեղի ունենա, որպեսզի Հայաստանում ապագա ընտրություններում ուրիշն ընտրվի, հայտնի չէ։ Ավելին, չի կարելի հաշվի չառնել այն փաստը, որ այնպիսի բաներն ինչպիսիք են քվեարկելը և հաշվելը՝ երկու տարբեր բաներ են,- գրել է նա,- եթե լիներ Խորհրդային իշխանություն, ապա Հայաստանին կօգնեին, ինչպես 1956-ին Հունգարիային և 1967-ին Չեխոսլովակիային։ Սակայն ժամանակակից քաղաքական մտքում նման գործողությունները դիտվում են որպես սխալ։ Ուստի, հույս ունենալով, որ մի օր Հայաստանում կհայտնվի մի առաջնորդ, ով ինչ որ բան կշտկի, պետք չէ հույս դնել Մոսկվայի վրա։ Ռուսաստանն այժմ ունի էկզիստենցիալ նշանակության իր մտահոգությունները»։
«Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը, որն ակնհայտորեն օրակարգային է Հայաստանում, կթաղի երկիրը։ Ի՞նչն է անհասկանալի այստեղ: Իսկ ի՞նչ գործողություններ, և ամենակարևորը, ինչի՞ հիման վրա պետք է Պուտինը Փաշինյանի հետ կապված մի բան անի դա կանխելու համար, եթե հայերն իրենք ոչինչ չեն արել այդ հարցում և, ամենայն հավանականությամբ, չեն ուզում և չեն կարող անել,- հարց է հնչեցրել Սատանովսկին,- Ռուսաստանը և Հայաստանը չունեն ընդհանուր սահման, և «ոչ մի շանս չկա, որ Ռուսաստանը կմիջամտի նրա ներքին վեճերին, ինչպես դա եղավ Վրաստանում և տեղի է ունենում Ուկրաինայում»»:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը