«Փորձագետ. Երևանի ընտրությունները բացահայտեցին իշխանությունների լեգիտիմության խնդիրը»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐRia.ru-ն գրում է, որ հրատարակությունը Երևանի ավագանու ընտրությունների արդյունքների մասին զրուցել է հայ քաղաքագետ Հրանտ Միքայելյանի հետ։
Հիշեցնենք, որ Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով կիրակի օրը կայացած Երևանի ավագանու ընտրություններում 28,46 % մասնակցութան պայմաններում իշխող կուսակցության օգտին քվեարկել է ընտրողների 32,57 %-ը։ Դա բավարար չէ ինքնուրույն, առանց այլ քաղաքական ուժերի աջակցության, Երևանի քաղաքապետ ընտրելու համար։ Եթե անգամ «Հանրապետություն» կուսակցության հետ կոալիցիա կազմվի, որը մոտ է «ՔՊ»-ին, քաղաքապետի իշխանական թեկնածու Տիգրան Ավինյանին քաղաքապետի աթոռը զբաղեցնելու համար անհրաժեշտ կլինի մյուս խմբակցությունների առնվազն մեկ ձայն։ Երկրորդ տեղը զբաղեցրել է նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, որը ստացել է ձայների 18,89 %-ը։
«Ընտրությունների արդյունքներն ուղղակիորեն չեն ազդի Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա, քանի որ իշխանությունները, ամենայն հավանականությամբ, կկարողանան այս կամ այն կերպ առաջ մղել իրենց թեկնածուին, բայց կա մեկ այլ խնդիր՝ դա լեգիտիմության խնդիրն է։ Ընտրություններում, որտեղ իշխանությունները գրեթե ձայներ չեն հավաքում, ակնհայտ է դառնում, որ արդեն լեգիտիմություն չկա»,- ասել է Միքայելյանը։
Փորձագետի կարծիքով, ընտրությունների արդյունքները, սակայն, կազդեն հանրապետության քաղաքական իրավիճակի վրա։ «Դա, իհարկե, հնարավորություն կտա մնացած ընդդիմադիր ուժերին ավելի ակտիվ գործելու, Դա նաև բարոյալքող ազդեցություն կունենա իշխանության համակիրների և նրանց վրա, ովքեր սատարել են իշխանությանն այն պատրանքով, որ նա ուժեղ է և չունի այլընտրանք»։ «Միջնաժամկետ հեռանկարում դա վատ կանդրադառնա իշխանությունների վրա, բայց ուղղակիորեն կարող է ազդել միայն ընդդիմադիր քաղաքապետ ընտրվելու դեպքում, ինչը, ինձ թվում է քիչ հավանական»,- ասել է Միքայելյանը։ Նա նշել է, որ ընտրություններում եղել են խախտումներ, թեև դրանք աղետալի չեն եղել։ «Բայց վիճակագրական վերլուծությունը ցույց է տալիս, որ առանց խախտումների կառավարությունը կստանար մոտավորապես 31 %, բայց ստացել է 32,6 %»,- ասել է փորձագետը։
Ավագանու կողմից քաղաքապետի ընտրության հավանական սցենարը նա համարել է ավագանու անդամներից մեկի «գումարը»: «Այդ դեպքում բոլոր հնարավորությունները կլինեն իշխանությունը պահպանելու և Ավինյանին այդ պաշտոնում նշանակելու համար, թեև, իհարկե, կան ռիսկեր: Բայց կա նաև այլ հարց. արդյո՞ք ընդդիմությունը պատրաստ է քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու առաջադրել, դա դեռ պարզ չէ, և պարզ չէ, թե արդյո՞ք պատրաստ է Հայկ Մարությանը դառնալ քաղաքապետ, քանի որ դրանով ենթարկվելու է հսկայական ճնշման»,- նշել է փորձագետը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը