Հարուստ կենսագրական տվյալներ ունեցող փոխնախարարը բնակարաններ է գնել. «Ժողովուրդ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԺողովուրդ օրաթերթը գրում է. ՀՀ բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը պաշտոնի նշանակվել է 2021 թվականի մայիսի 7-ին։
Հարուստ կենսագրական ունեցող Սահակյանը 2018 և 2020 թվականներին գնել է բնակարան Երևանի Նոր Նորք վարչական շրջանում։
Հազար խոշոր հարկատուների մեջ նախկինում մտնում էր նաև ՏՏ ոլորտը, սակայն, 2022 թվականին ընդունված օրենքի համաձայն, ՏՏ հավաստագիր ունեցող կազմակերպությունները ստացան հարկային արտոնություններ՝
0% շահութահարկի դրույքաչափ (ընդհանուր հարկային ռեժիմի զուտ եկամտի 20% -ի փոխարեն) և 10% աշխատողների եկամտային հարկի դրույքաչափ (ընդհանուր հարկային ռեժիմի 23% -ի փոխարեն):
Սա այն ոլորտն է, որը կարող էր ստեղծել կայուն եկամուտ և ահռելի գումարներ ավելացնել պետբյուջե։
Այս արտոնյալ նախարարության փոխնախարարը հայտարարագրել է նաև մեքենա՝ 2010 թվականի արտադրության, Mercedes Benz մակնիշի։
Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 791 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 3 մլն դրամ և 2 500 դոլար։
Նրա՝ 2022 թվականի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 18 մլն 625 հազար դրամ, որից 14 մլն 588 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ ԲՏԱ նախարարությունից, 1 մլն 321 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է Ռուս-հայկական համալսարանից, իսկ 2 մլն 716 հազար դրամը փոխնախարարը ստացել է ՀՀ ֆինանսների նախարարությունից բնակարանի հիփոթեքը մարելու համար եկամտահարկի վերադարձի սկզբունքով։ Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 22 մլն 423 հազար դրամ, որից 21 մլն 397 հազար դրամը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։
Փոխնախարար Սահակյանը վարկերի մարմանն ուղղել է 8 մլն 834 հազար դրամ։
Ամբողջությամբ հոդվածը՝ Ժողովուրդ օրաթերթի այսօրվա համարում