Փաշինյանի միակ շանսը բռնապետությունն է
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՎերջին երկու տասնամյակում Հայաստանի իրավապահ համակարգն առանձնապես աչքի չէր ընկել քաղաքացիների հետ քնքշանքով և օրենքով խոսելու հատկությամբ, սակայն այն ինչ կատարվում է վերջին օրերին Երևանի փողոցներում վկայում է, որ Հայաստանը մեծ քայլերով վազում է դեպի բռնապետություն։ Նման դաժանություններ, ծեծ ու ջարդ, լկտի բառապաշարի օգտագործում չի եղել նույնիսկ Հայաստանի ամենածանր տարիներին, իսկ միջազգային կառույցները, իրավապաշտպանները և Արևմուտքի ներկայացուցիչները տեղում որևէ կերպ Փաշինյանին չեն քննադատում Հայաստանը ոստիկանապետ դարձնելու հարցում, ընդ որում թիրախում առաջին հերթին ակտիվ և պինդ երիտասարդներն են, որոնց նկատմամբ բռնություն գործադրելու հրահանգ էլ իջեցվել է ոստիկանությանը։
Երեկ, փողոցը փակելիս, դաժանաբար ծեծի են ենթարկվել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի ընկերները, ոստիկանները նաև անխնա հարվածներ են հասցրել Լևոն Քոչարյանին, իսկ տարբեր հեռուստաընկերությունների տեսախցիկներ արձանագրել են, թե ինչպես հենց մեքենայում երեք ոստիկաններ ծեծի են ենթարկում երկրորդ նախագահի որդուն։
Լևոն Քոչարյանին ավելի ուշ տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն։ Ըստ բժիշկների պնդման՝ նա գանգուղեղային վնասվածք ունի և այժմ գտնվում է հիվանդանոցում։ Չորս ոստիկաններ ցուցմունք են տվել, թե Լևոն Քոչարյանը ծեծի է ենթարկել իրենց, հենց այդ կեղծ ցուցմունքների հիման վրա էլ քննչական կոմիտեն որոշում է կայացրել 72 ժամով ձերբակալել Լևոն Քոչարյանին, այդ ընթացքում մեղադրանք ներկայացնել նրան։
Երեկ նաև երկամսյա ժամկետով կալանավորվել է Նարեկ Մայլյանը, որին մեղադրում են բռնության կոչեր անելու մեջ։ Վերջին օրերի ընթացքում տասնյակ և հարյուրավոր անձանց նկատմամբ ոստիկանական իսկական բռնություններ են իրականացվում, ինչը վկայում է ընդամենը մեկ բանի՝ Նիկոլ Փաշինյանի վախերի մասին։
Անուշ Սարիբեկյան