Վանաձորում 21-ամյա երիտասարդին սպանել են երկուսով՝ դանակի բազմաթիվ հարվածներով. Նոր մանրամասներ
ԻՐԱՎՈՒՆՔՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է 21-ամյա երիտասարդի սպանությունը, բավարար ապացույցներ ձեռք բերվել, որ նրան կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներ են պատճառվել երկու անձի կողմից:
ՀՀ Քննչական կոմիտեից 1or.am-ին հայտնում են, որ 1995 թ. ծնված Հարություն Աղաջանյանի դին հայտնաբերվել է 2016 թվականի նոյեմբերի 20-ին` ժամը 22.30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Երեւանյան խճուղի 88 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կայանի մոտ` ծակած-կտրած վերքերով:
Դեպքի առթիվ 2016 թվականի նոյեմբերի 21-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, մշակվել քննչական պլան եւ իրականացվել անհրաժեշտ քննչական, օպերատիվ-որոնողական գործողություններ` հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:
Նոյեմբերի 21-ին` ժամը 03.40-ին, վարույթն իրականացնող մարմնին է ներկայացել Վանաձոր քաղաքի 20-ամյա մի բնակիչ` հայտնելով, թե իրեն վիրավորելու պատճառով հիշյալ ավտոտեխսպասարկման կայանի մոտ վիճաբանել է անծանոթ մի տղայի հետ, որի ընթացքում իր մոտ գտնվող դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին եւ դիմել փախուստի: Նույն օրը երիտասարդը ձերբակալվել է:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական, դատագենետիկական փորձաքննություններ, վերծանվել տուժողի հեռախոսահամարը, հարցաքննվել բազմաթիվ վկաներ:
Բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննության արդյունքում բավարար ապացույցներ են ձեռ բերվել, որ դեպքի օրը վիճաբանությանը մասնակից է եղել նաեւ Վանաձոր քաղաքի 23-ամյա մեկ այլ բնակիչ, ով 20-ամյա երիտասարդի հետ դանակով հարվածներ է հասցրել Հարություն Աղաջանյանի մարմնի տարբեր մասերին, որի հետեւանքով վերջինս մահացել է:
Վանաձորի 23-ամյա երիտասարդը մարտի 16-ին ձերբակալվել է: