Չինաստանն ու Հնդկաստանը Հայաստանի փոխարեն. ՀԱՊԿ-ը կենթարկվի՞ տրանսֆորմացիայի Ղարաբաղի պարտությունից հետո
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐMosregtoday.ru-ն գրում է, որ Հայաստանն ուղղակիորեն ներգրավված չէ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև բանակցություններում: Այդուհանդերձ, երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանին են համաքաղաքացիներից շատերը մեղադրում «Արցախը հանձնելու» մեջ։ Արդեն մի քանի օր է, ինչ Երևանում շարունակվում են բողոքի ակցիաները։
Ի՞նչ է անելու Փաշինյանը, որ մնա իր աթոռին. Կարո՞ղ է նա, օրինակ, ցուցադրաբար դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) մեղադրելով այդ կառույցին օգնության բացակայության մեջ, ինչը կարող է կասկածի տակ դնել ռազմաքաղաքական այդ միավորման բուն գոյությունը։
«Իմ կարծիքով, ՀԱՊԿ կառույցը կմնա և կզարգանա, Ռուսաստանը, վստահ եմ, կշարունակի մնալ նրա գլխավոր հովանավորը։ Բայց նույն գործառույթներով կազմակերպությունը պահպանելու համար, կարծում եմ, կպահանջվի վերափոխում»,- «mosregtoday» առցանց հրատարակությանը տված հարցազրույցում ասել է իրավաբանական գիտությունների թեկնածու, միջազգային իրավունքի մասնագետ Մարինա Սիլկինան։
Փորձագետն առաջարկել է ԲՐԻԿՍ-ի օրինակով, որը 2024 թվականի հունվարի 1-ից կներառի ևս վեց լիիրավ անդամ երկրներ՝ Արգենտինան, Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը, Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն, ՀԱՊԿ-ն ուժեղացնել նոր անդամներով։
«Չինաստանը, Իրանը և Հնդկաստանը կարող են հրավիրվել ՀԱՊԿ անդամ դառնալու։ Իհարկե, այստեղ հնարավոր է նաև ավելի սերտ փոխգործակցություն ՄԱԿ-ի հետ, ինչի մասին սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում ՀԱՊԿ երկրների արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Սերգեյ Լավրովը»,- նշել է Սիլկինան։
ՀԱՊԿ-ը ստեղծվել է ԱՊՀ երկրների կողմից երեսուն տարի առաջ արտակարգ իրավիճակների դեպքում գործընկեր երկրներում իրավիճակը կայունացնելու համար։ Այժմ նրա անդամներն են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Հայաստանը և Տաջիկստանը։ Սերբիան և Միութենական պետությունը ներկա են դիտորդի կարգավիճակով։ Այս պահին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահն է Նիկոլ Փաշինյանը։
«Իհարկե, կառույցի առանձին մասնակիցները մոտ ապագայում պետք է որոշեն, թե ում հետ են նախատեսում լինել։ Ուրեմն հիմա, կարելի է ասել, եկել է ճշմարտության պահը»,- եզրափակել է փորձագետը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը