ՄԱԿ-ի առաքելությունը ժամանել էր՝ մաքրելու Ալիևի հանցանքները
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՄԱԿ-ի առաքելությունն ամփոփել է մեկօրյա այցը դեպի Ադրբեջան։ Ի սկզբանե Ադրբեջանը թույլատրել է ընդամենը 5 երկրներից դիտորդների ներկայությունը՝ Թուրքիայից, Ռուսաստանից, Պակիստանից, Հունգարիայից և Ալբանիայից։ Բոլոր այս 5 երկրներն էլ առանձնակի ջերմ կապեր ունեն Ադրբեջանի հետ, ուստի և ի սկզբանե ակնհայտ էր, թե ինչ անհեթեթ և վնասակար առաքելություն են նրանք իրականացնելու։ Հենց նույնիսկ նրանց տարածած հայտարարությունը փաստում է, որ գործ ունենք կանխակալ վերաբերմունքի հետ։
Դիտորդները հայտարարել են, թե Լեռնային Ղարաբաղում իրենց ստացած տվյալներով մնացել է 50-ից 1000 հայ։ Այն, որ արդեն իսկ այս հայտարարությունն անլուրջ է, որևէ մեկը չի կասկածում։ «Առաքելությունը ցնցված է, թե ինչպես են տեղի բնակիչները հանկարծակի լքել իրենց տները, ինչպես նաև տառապանքներից, որոնք կարող էին դրա պատճառը լինել»,- հայտարարում է ՄԱԿ առաքելությունը։
Ակնհայտորեն, միջազգային այս առաքելության հիմնական նպատակը ցույց տալն էր, որ Արցախի բնակչությունն ինքնակամ է հեռացել, այլ ոչ թե էթնիկ զտումների պատճառով։ Ադրբեջանի իշխանություններն իրենք էլ հանկարծակի գալով Արցախի բնակչության այս ինքնաբուխ քայլից, այժմ փորձում են միջազգային հանրության աչքերին թոզ փչել և համոզել, թե որևէ բռնություն չի կիրառվել, այլ ընդհակառակը, հայերն ինքնակամ են լքել, իզուր չի, որ ադրբեջանական տարատեսակ պաշտոնյաներ նույնիսկ հասել են անհեթեթության աստիճանի։ Միլիմեջլիսի պատգամավոր ոմն Հասան Գուլիևը նույնիսկ նշել է, թե հայերը հեռացել են, քանի որ ամաչում էին նայել ադրբեջանցիների աչքերի մեջ։
Առաջիկայում չի բացառվում է, որ Իլհամ Ալիևը նորանոր դիտորդական առաքելություններ հրավիրի Արցախ՝ ցույց տալու ուրվականներ քաղաքի վերածված Ստեփանակերտն ու այլ բնակավայրեր։ Դիտորդների հետ նաև միջազգային լրատվամիջոցներ են եկել, որոնց լուսաբանումները վկայում են, որ Ադրբեջանը զգալի նյութական միջոցներ է ծախսում միջազգային հանրության կարծիքը դեպի իր կողմը ուղղելու համար։ «Ալ Ջազիրան», մասնավորապես, բավականին ուշագրավ ռեպորտաժի վերջում հայտարարում է, թե հայերն իրենց կամքով են հեռացել։ Այս ամենն ընդամենն արվում է մի նպատակով՝ ինչպես սպիտակեցնել Ալիևի դեմքը, իսկ Հայաստանի գործող իշխանություններն առանձնակի ջանքեր չեն էլ գործադրում՝ աշխարհին իրականությունը ներկայացնելու։
Մելինե Մարկոսյան