Բռնի տեղահանված մեր հայրենակիցների աջակցության ծրագրերը շարունակվում են. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Նախորդ համարում մենք անդրադարձել էինք բռնի տեղահանված արցախցի մեր հայրենակիցներին աջակցելու խնդրին՝ նշելով, որ տասնյակ հազարավոր անհատներ, կազմակերպություններ իրենց հնարավորությունների սահմաններում արցախցիների կողքին են: Ներկայացնելով մի շարք կառույցների կատարածը՝ շեշտել էինք նաև, որ պարբերաբար կանդրադառնանք նրանց, ովքեր կոնկրետ ծրագրեր են իրականացնում: Այս անգամ ևս հավաքել ենք մի քանի ծրագրեր: Արցախցիների առաջին իսկ խմբերի՝ Հայաստան հասնելուն պես «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչները Վայքում արցախցի բռնագաղթածների համար վրանային ճամբար էին բացազատել և ապահովում էին կեցության նվազագույն պայմաններով։
«Հայաքվեի» շրջիկ խմբերը հիմա էլ շարունակում են օգնություն ցուցաբերել բռնագաղթած արցախցիներին: Շատերը մեկ տարվա շրջափակումից հետո Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) և World Central Kitchen (WCK) միջազգային ՀԿ-ի համագործակցության շնորհիվ այդ օրերին առաջին անգամ ստացան թարմ, տաք և սննդարար ուտելիք։ Աջակցության իրենց ծրագրերն են ներկայացրել նաև կապի օպերատորները: Մասնավորաբար, Վիվա-ՄՏՍ-ը Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին հնարավորություն է ընձեռում մինչև ս.թ. դեկտեմբերի 31-ը բաժանորդագրվել նրանց համար նախատեսված հատուկ սակագնային պլանին 6 ամսով և յուրաքանչյուր ամիս ստանալ 10 ԳԲ ինտերնետ, 300 SMS ուղարկելու հնարավորություն և 800 րոպե խոսելաժամանակ:
«Յուքոմ» ընկերությունն էլ առաջարկում է միանալ շարժական կապի ծառայության Level Up 1800 և Level Up 2900 կանխավճարային սակագնային պլանին և 6 ամիս շարունակ անվճար օգտվել նշյալ սակագնային պլանի ներառումներից։ Ծրագրերից դուրս չեն մնում նաև բանկերը: Օրինակ՝ Անվճար բանկային քարտեր՝ Արցախի հայրենակիցներին «Ակբա բանկը», հաշվի առնելով Արցախի մեր հայրենակիցների՝ ներկա փուլում բանկային ծառայություններից օգտվելու խիստ անհրաժեշտությունը, նրանց 5 տարի ժամկետով անվճար սպասարկմամբ կտրամադրի MasterCard Standard և Visa Բարերար տեսակի քարտեր։ Աշխատատեղերով ապահովելու պատրաստակամություն հայտնած ընկերություններն էլ քիչ չեն:
Այս մասին, ի մասնավորի, հայտարարել են նաև «Սոլարոն», «Ֆուդիտորի» ընկերությունները: Մտավորականներն էլ իրենց չափով են մասնակցում այս ամենին: Ի մասնավորի՝ հայտնի նկարիչ Արամ Դանիել յանը FTNFT Phygital Space-ի հետ համատեղ իրականացրած նախագծից գոյացած իր հասույթը տրամադրելու է Արցախից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին: Ցանկը բավական երկար է ու շարունակական: Հավելենք, որ մեծ թիվ են կազմում նաև հաշվապահական, իրավաբանական, փաստաբանական գրասենյակներն ու ոլորտի անհատները, որոնք պատրաստակամություն են հայտնել անվճար խորհրդատվություն տրամարդել բռնագաղթյալ մեր հայրենակիցներին:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում