Ալիևի ախորժակն ուտելիս է բացվում, իսկ դիլետանտ վարչախումբն էլ մատուցողի դերում է
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ«Ախորժակն ուտելիս է բացվում» հայտնի այս ասացվածքը կարելի է առանց վարանելու պրոեկտել թուրք-ադրբեջանական տանդեմի վրա։ Փաշինյանը, շարունակական զիջումների գնալուց, «Խաղաղության դարաշրջան» հռչակելով և կատարելով Ադրբեջանի ու Թուրքիայի քմահաճույքները, այժմ էլ ստիպված է նորանոր զիջումների գնալ, ինչը վկայում է, որ այդ մարդը կամ առանձնապես չի ճանաչում թուրքերին և նրանց կրտսեր եղբայր ադրբեջանցիներին, կամ էլ պարզապես կատարում է նրանց քմահաճույքները։
Փաշինյանին թվում էր, թե կարող են թուրքերի հետ պայմանավորվածության հանգել, բայց նույնիսկ այսքանը ստանալուց հետո Ադրբեջանը չի հագեցել։ Այժմ էլ Արցախն ամբողջությամբ հայաթափելուց, ռուս խաղաղապահներին փաստի առաջ կանգնեցնելուց, Արցախի իշխանության տարբեր ներկայացուցիչների գերեվարելուց հետո, Ադրբեջանի հաջորդ թիրախը Զանգեզուրի միջանցքն է։ Առայժմ ընդամենն աշխարհաքաղաքական իրավիճակը և որոշ հարևան ու ոչ հարևան երկրների դիմադրությունն է, որ հնարավորություն է տալիս պահպանել Զանգեզուրի միջանցքը, որոշակիորեն էլ Թուրքիան և Ադրբեջանը մեղմացրել են իրենց դիրքորոշումները, որոնք ոչ այլ ինչ են, քան ժամանակավոր մանևր՝ ավելի լայնածավալ գործողություններից առաջ։
Հայկական դիվանագիտության խայտառակ այս վիճակը միայն մեկ պատճառ ունի, Փաշինյանն այդպես էլ չի կարողանում հասկանալ թշնամու հոգեբանությունը, չունի համապատասխան մասնագետներ, որ նրանք կբացատրեն այդ իրավիճակը, իսկ ինքն անձամբ ոչ բանակցել է կարողանում և ոչ էլ լուրջ բանակցողներ ունի։ Հենց թեկուզ, օրինակ, միայն հայ-թուրքական բանակցություններում Փաշինյանի բանագնաց անձն ապացուցում է այս պնդման ճշմարտացիությունը։
Տասնամյակների դիվանագիտական փորձ ունեցող ՄԱԿ-ում Թուրքիան ներկայացրած Սերդար Քըլըչի հետ բանակցում է մարդ, ով ընդհանրապես դիվանագիտության փորձ չունի, չհաշված մի քանի ամիս փոխարտգործնախարարի պաշտոնում աշխատասենյակում պետության հաշվին ալկոհոլ օգտագործելը։ Սա է դիլետանտներին իշխանության բերելու արդյունքը, և որքան Փաշինյանը շարունակի մնալ իշխանության, այնքան Հայաստանի համար ավելի վատ է լինելու։
Ինգա Նալբանդյան