Այս պատերազմը ժամանակ կպահանջի և դժվար կլինի. Նեթանյահու
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ժողովրդին ուղղված երեկոյան ուղերձում ասել է, որ Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմը ժամանակ կպահանջի և խոստացել է, որ Իսրայելը վրեժ կլուծի իր պատմության այս «սև օրվա» համար։
Նրա խոսքով՝ Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) կօգտագործի իր ողջ ուժերն ու մարտական հզորությունը՝ ոչնչացնելու ՀԱՄԱՍ-ի զինյալների ենթակառուցվածքներն ու հնարավորությունները։
Շաբաթ առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռակոծության է ենթարկվել։ Իսրայելական բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ արձակվել է ավելի քան 3 հազար հրթիռ։ Բացի այդ, ՀԱՄԱՍ-ի տասնյակ զինյալներ ներթափանցել են Իսրայելի հարավի սահմանային շրջաններ:
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թեւը շաբաթ օրը հայտարարել է Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» գործողության մասին: Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հայտարարել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե սրեր» օպերացիայի մեկնարկի մասին։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ժողովրդին ուղղված ուղերձում ասել է, որ երկիրը պատերազմական վիճակում է և ասել է, որ հրամայել է պահեստազորների համատարած մոբիլիզացիա։ Իսրայելական զինվորականները մաքրում են բնակեցված տարածքները։