Ինչ պատիժ է սահմանված զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու կամ ժամանակին ծառայության վայր չներկայանալու համար
ԻՐԱՎՈՒՆՔՔրեական օրենսգրքի 525-րդ հոդվածով սահմանված է զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու կամ ժամանակին ծառայության վայր չներկայանալու համար պատիժները։
Iravaban.net-ը հայտնում է, որ հոդվածի համաձայն՝
1․ Զինծառայողի կողմից զինվորական ծառայությունից ժամանակավորապես խուսափելը՝ զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը կամ առանց հարգելի պատճառների ժամանակին ծառայության չներկայանալը 72 ժամից ավելի, բայց 240 ժամից ոչ ավելի տևողությամբ, ինչպես նաև երեք ամսվա ընթացքում երեք և ավելի անգամ` յուրաքանչյուրը մեկ ժամից մինչև 72 ժամ տևողությամբ՝ պատժվում է կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է սպայական կամ ավագ ենթասպայական կազմի զինծառայողի կողմից՝ պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը կատարելը, եթե ինքնակամ բացակայությունը տևել է 240 ժամից ավելի՝ պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:
4. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված արարքը կատարելը՝
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ
2) զենքով՝
պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով:
5. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ կամ 4-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝ պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:
6. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ կամ 4-րդ մասով նախատեսված արարքն առաջին անգամ կատարած զինծառայողն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե դա կատարել է ծանր հանգամանքների զուգորդման հետևանքով: