Բացահայտվել է հատուկ սխեմայի միջոցով ԱԱՀ-ի գումարներ հափշտակելու դեպք
ԻՐԱՎՈՒՆՔՀՀ պետական եկամուտների կոմիտեի Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տվյալներ էին ստացվել, այն մասին, որ առանց ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու իրական մտադրության` պետական գրանցում է ստացել մի կազմակերպություն, որի նպատակն է եղել արհեստականորեն ստեղծել ավելացված արժեքի հարկի գումարներ՝ դրանք պետական բյուջեից հափշտակելու նպատակով: Հայտնել է ՊԵԿ մամուլի ծառայությունը։
Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության, ինչպես նաև Արևելյան մաքսատուն-վարչության աշխատակիցների կողմից մշակվել և իրականացվել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ ստացված տվյալների իսկությունը ստուգելու նպատակով: Պարզվել է, որ 2023 թվականի հուլիսին պետական գրանցում ստացած «ԷՔՍՊՈՐՏ ԳՐՈՒՊ 1» ՍՊԸ-ն, իր հանցավոր մտադրությունը քողարկելու նպատակով, արհեստականորեն ստեղծել է պայմաններ, ինչպես նաև հարկային մարմնին տեղեկացրել է՝ իբրև թե Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Գործարանային հասցեում զբաղվում է հակակոռոզիոն պատրաստուկների արտադրությամբ։ Պարզվել է նաև, որ հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով՝ այսպես կոչված հակակոռոզիոն պատրաստուկներն ընկերության կողմից երկու դեպքով արտահանվել են Ռուսաստանի Դաշնություն։
Մինչդեռ, ըստ օպերատիվ տվյալների, արտահանվող արպրանքը չէր հանդիսացել հակակոռոզիոն նյութ, նման արտադրություն ընկերության կողմից իրականում չէր կազմակերպվել, արտահանման գործընթացը նպատակ է հետապնդել հափշտակել ձեռք բերված 1․171․085 լիտր ավտոմոբիլային վառելիքի հարկային հաշիվներում արտացոլված ավելացված արժեքի հարկը։
Ենթադրյալ հակակոռոզիոն պատրաստուկների արտահանման ընթացքում Արևելյան մաքսատուն-վարչության աշխատակիցների կողմից իրականացվել են նմուշառումներ: Նշանակվել է փորձաքննություն, որի եզրակացությամբ հաստատվել են նախկինում ստացված օպերատիվ տեղեկություններն առ այն, որ արտահանվող ապրանքը չի հանդիսանում հակակորոզիոն պատրաստուկ, այլ իրենից ներկայացնում է շահագործված շարժիչային յուղ։ Հետազոտման արդյունքում պարզվել է, որ հիշյալ հասցեում, հակակոռոզիոն պատրաստուկների արտադրություն կազմակերպելու համար անհրաժեշտ սարքավորումներ ևս առկա չեն եղել։ Միջոցառումների ընթացքում ձեռք բերված անհերքելի փաստական տվյալների և հանգամանքների առկայության պայմաններում «ԷՔՍՊՈՐՏ ԳՐՈՒՊ 1» ՍՊԸ-ի տնօրեն Կ․ Կ․-ն Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում խոստովանել է, որ իրականում չի զբաղվել հակակոռոզիոն պատրաստուկների արտադրությամբ ու դրանց արտահանմամբ և պարտավորվել է վերականգնել պետությանը պատճառված վնասը։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից պետական բյուջեից 75 մլն դրամ ավելացված արժեքի հարկ հափշտակելու կասկածանքով ձերբակալվել է ընկերության տնօրեն Կ․Կ․-ն։ Միաժամանակ, ձեռք բերված տեղեկություններով առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ Քննչական կոմիտե: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասի ամբողջ գումարը։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները և քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում են, իրականացվում են քննչական անհրաժեշտ գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, հանցավոր խմբում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը, ինչպես նաև «ԷՔՍՊՈՐՏ ԳՐՈՒՊ 1» ՍՊԸ-ի կողմից վառելիքի ձեռքբերումների՝ դրանց ուղեկցող փաստաթղթերի արժանահավատությունը պարզելու նպատակով: