Տարածաշրջանային բարդ «մաթեմատիկան». «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Նախօրեին Թեհրանում տեղի ունեցավ «3+3» ձևաչափով հանդիպումը, ավելի ստույգ՝ հանդիպումները, որոնց, մասնակցում էին Իրանի, Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները։ Եվ քանի որ Վրաստանն այդպես էլ չմասնակցեց այս հանդիպմանը, ապա ստացվեց, որ նախ՝ 3+3 հավասար է 5-ի: Չնայած այս դեպքում էլ Ադրբեջանին որպես առանձին միավոր ներկայացնելիս պետք է մոտենալ մի փոքր վերապահումով, քանի որ այն, ըստ էության, դարձել է Թուրքիայի շահերի սպասարկուն։ Այսինքն, փաստացի, ստացվում է, որ 3+3 հավասար է 4-ի: Իսկ մեծ հաշվով, այս հարթակում վճռական խոսքը տարածաշրջանային 3 խոշոր խաղացողներինն է, որոնք նպատակ ունեն, որ այն դառնա տարածաշրջանային հարցերի կարգավորման հարթակ։
Թուրքիան միշտ էլ ցանկացել է Արցախյան հակամարտության կարգավորման ու ընդհանրապես տարածաշրջանային հարցերում միջնորդի դերակատարություն ստանձնել, դրա համար էլ տարածաշրջանային հարցերի կարգավորման ձևաչափեր է առաջ քաշել։ Իսկ դրանցից մեկն էլ «3+3» ձևաչափն է, որը պետք է դառնար տարածաշրջանային հարցերում Թուրքիայի ներգրավվածության առաջնային ուղղություն։ Չնայած ժամանակին Էրդողանը ավելի հեռուն գնաց՝ առաջարկելով, որ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի մասնակցությամբ հանդիպում անցկացվի Արցախի հարցով։ «3+3» ձևաչափով հանդիպման առաջարկը ընդունելություն գտավ նաև Իրանի կողմից, քանի որ այն արևմտյան պատժամիջոցների տակ գտնվող Թեհրանին ևս տարածաշրջանային գործընթացների վրա ներգործություն ունենալու հնարավորություն է տալիս։ Իրանը կարևորում է «3+3» ֆորմատով հանդիպումների անցկացումը նաև այն պատճառով, որ կարողանա հակակշռել թուրք-ադրբեջանական նկրտումներին ու իր ազդեցությունն ուժեղացնել Հարավային Կովկասում։
Եվ պատահական չէ, որ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարեց, որ կարծում է, թե «3+3» ձևաչափով քննարկումների միջոցով հնարավոր կլինի Հարավային Կովկասում խաղաղություն հաստատել։ Այսինքն, Իրանը ուղերձ է ուղարկում, որ այդ հարթակի միջոցով փորձելու է թույլ չտալ, որ տարածաշրջանում նոր պատերազմ բռնկվի, իսկ այն կարող է տեղի ունենալ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացմանը հասնելու նպատակով։ Թեհրանն առաջարկում է զարգացնել տրանսպորտային հաղորդակցությունն իր պատկերացումների համաձայն, որը պետք է սկսել Հարավային Կովկասում համապարփակ տրանսպորտային ճանապարհային քարտեզի մշակումից։ Մյուս կողմից էլ՝ «3+3» ձևաչափի գործարկումը ձեռնտու է նաև Ռուսաստանին, քանի որ դրա էֆեկտիվ գործունեության արդյունքում Արևմուտքը դուրս է մղվում տարածաշրջանից։
Պատահական չէ, որ ԱՄՆ Պետդեպարտամենտից մեկնաբանելով «3+3» ձևաչափով հանդիպումը՝ նշեցին, թե Իրանը և Ռուսաստանը չեն կարող լինել վստահելի գործընկերներ։ Բնականաբար, Արևմուտքը փորձելու է այնպես անել, որ «3+3» հարթակը ի վիճակի չլինի դառնալ տարածաշրջանային փոխգործակցության ուրույն հարթակ, որտեղ կլուծվեն առկա խնդիրները։ Բայց արդյունքներ գրանցելու համար նախ պետք է հասնել նրան, որ այս ձևաչափով հանդիպումները տեղի ունենան ամենաբարձր մակարդակով ու հստակ տարածաշրջանային օրակարգ ձևավորեն։ Բացի դրանից, խոչընդոտող հանգամանք է այն, որ հարթակի մասնակիցների միջև էական աշխարհաքաղաքական տարաձայնություններ կան։ Օրինակ՝ առանցքային հարցերում Ռուսաստանի ու Իրանի շահերը հակասում են Թուրքիայի ու Ադրբեջանի շահերին։
Ադրբեջանը շահագրգռված չէ, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման թեման տեղափոխվի «3+3» ձևաչափ։ Դրա համար էլ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարեց, թե «3+3» ձևաչափը երբեք չի եղել հակամարտությունների կարգավորման հարթակ։ Ըստ նրա, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չի կնքվելու «3+3»-ի հարթակում, այլ դա կատարվելու է Բաքվի և Երևանի միջև ուղիղ երկկողմ բանակցությունների միջոցով։ Ադրբեջանը ցանկանում է ուղիղ Հայաստանի հետ գործ ունենալ, որպեսզի որևէ միջնորդական ձևաչափ չստեղծվի, ու դա իրեն հնարավորություն տա ճնշում գործադրել Երևանի վրա, իսկ հարկ եղած ժամանակ դիմել ռազմական ագրեսիայի՝ հաշվի առնելով, թե ով է այս պահին Հայաստանի ղեկին։
Այս ամենից ելնելով՝ որոշ փորձագետներ տրամաբանական հարց են բարձրացնում՝ եթե «3+3» ձևաչափը չի կարող էականորեն ներազդել տարածաշրջանային զարգացումների վրա, ապա որքանո՞վ է նպատակահարմար Հայաստանի մասնակցությունն այս հարթակին։ Սակայն այստեղ կա նաև հարցի մյուս կողմը. եթե Հայաստանը չմասնակցի այդ հարթակին, ապա դրանից հայկական կողմը ոչ միայն չի շահի, այլև կտուժի, քանի որ այն տեղի կունենա առանց Հայաստանի, ինչպես որ տեղի է ունենում առանց Վրաստանի։ Սա կնշանակի կա՛մ հարթակի անգոյություն, ինչը բացառապես Արևմուտքի և ինչ-որ չափով նաև Ադրբեջանի ցանկությունն է, կա՛մ գործընթաց Հայաստանի մասին առանց Հայաստանի, այսինքն՝ հարթակի մյուս մասնակիցները կփորձեն պայմանավորվել մեզ վերաբերող հարցերով մեր բացակայությամբ։
ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում